Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» երեկ արձանագրված ներթիմային բախման հերթական դեպքը, ստիպում է հատուկ ուշադրության արժանացրել այս քաղաքական ուժի կին գործիչներին, այն պարզ պատճառով, որ վերջիններս այս կամ այն իրավիճակում շատ ավելի տղամարդկային պահվածք են դրսևորում, քան իրենց ՝ արական սեռի գործընկերները:
Հերթական դեպքը, ինչպես նշեցինք, գրանցվեց երեկ, պատճառն էլ այն էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դեմ է Առողջապահության նախարարության՝ Մարալիկի ծննդատունը փակելու որոշմանը և խիստ քննադատել է այդ քայլը: Հովսեփյանը նշել է, որ Առողջապահության նախարարությունը հիվանդանոցները փակելու քաղաքականություն է վարում: Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում ընթացած բանավեճին միացել է «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը՝ հակադարձելով Սոֆյա Հովսեփյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: Սոֆյա Հովսեփյանը Կարեն Սարուխանյանին մեղադրել է ժամանակին անհրաժեշտ քայլերին խոչընդոտելու մեջ, իսկ Սարուխանյանը Հովսեփյանին մեղադրել է սուտ խոսելու մեջ, ինչպես նաև խորհուրդ է տվել ամուսնանալ: Հովսեփյանը պատասխանել է Սարուխանյանին՝ նշելով, որ արժանապատվություն ունեցող մարդը նման բան չէր ասի: Եվ ինչ խոսք՝ այս հարցում Հովսեփյանի հետ չհամաձայնել պարզապես հնարավոր չէ: Ի տարբերություն Սարուխանյանի, ով ըստ մամուլի. մարզպետի պաշտոնին էր հասել միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը լինելու հանգամանքով պայմանավորված, իսկ որպես պատգամավոր արձանագրել է 0 ՕԳԳ, Սոֆյա Հովսեփյանը մշտապես է աչքի ընկել հավասարակշռված և սկզբունքային դիրքորոշումներով, չմոռանալով նաև՝ թե ում շահերն է պաշտպանում ԱԺ-ում: Գուցե հենց դա է պատճառը, որ կուսակիցները հաճախակի են հարձակումներ կազմակերպում կին պատգամավորի դեմ, ինչպես եղավ օրինակ, ամիսներ առաջ, երբ Հովսեփյանը անչափ կոշտ էր արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, հայտարարելով, որ միանշանակ դեմ է քվեարկելու այդ փաստաթղթի վավերացմանը, դրանից հետո էլ Հովսեփյանը Հանրայինի ուղիղ եթերում Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց ՀՀ տնտեսությունը և հատապես արդյունաբերությունը պայթեցնելու մեջ, ինչով էլ դարձավ ՔՊ-ի լևոնական թևի «աչքի գրողը»: Հովսեփյանը նաև հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելու կառավարության որոշմանը: Սակայն ի պատիվ Հովսեփյանի՝ պետք է փաստենք, չնայած անգամ սեփական թիմակիցների կողմից թիրախավորվելու՝ Հովսեփյանը շարունակում է դրսևորել կամային որակներ, սկզբունքայնություն և իրական «դուխ», հատկանիշներ, որոնք շատ հազվադեպ են հանդիպում Նոր Հայաստանի պաշտոնյաների շրջանում:
Անդրադառնալով ՔՊ-ի կամային հատկանիշներով օժտված և սկզբունքային կանանց, հնարավոր չէ չանդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Հակոբյանին այսօր շատերն են մեղադրում՝ ամուսնու փոխարեն քաղաքական որոշումներ կայացնելու մեջ, մամուլը նրան անգամ տվել է «գորշ կարդինալի» կոչումը, սակայն այսպիսի տպավորությունը ստեղծվել է թերևս այն պատճառով, որ Հակոբյանը մշտապես եղել է Փաշինյանի կողքին՝ չկտրվելով քաղաքական պրոցեսներից և ամուսնու պայքարից, ինչ-որ տեղ նաև փոխարինելով Փաշինյանին այդ պայքարում, օրինակ, երբ վերջինս 2008-ի դեպքերից հետո բանտում էր՝ հենց Աննա Հակոբյանն էր Երևանում կազմակերպել քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով երթը, քայլ, որին այն շրջանում դժվար թե հանդգնեին գնալ անգամ տղամարդ քաղաքական գործիչները: Նույնը եղավ նաև հեղափոխության օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո, երբ հրապարակում հավաքված մարդիկ միավորվեցին հենց Աննա Հակոբյանի շուրջ: Այս առումով վարչապետի տիկնոջ հաշվին ևս մեկ պլյուս կարելի է գրանցել՝ կամային հատկանիշների, որակների դրսևորման և մինչ օրս պահվող սկզբունքայնության համար:
ՔՊ-ից այս առումով կարելի է առանձնացնել նաև պատգամավոր Արփինե Դավոյանին: Մի պարագայում, երբ իշխանությունները անչափ ցավագին են տանում իրենց հասցեին հնչող ցանկացած քննադատություն, Դավոյանը պարբերաբար աչքի է ընկնում իր իսկ թիմակիցներին քննադատելով և կոչ անելով՝ չհիասթափեցնել իրենց վստահության քվե տված քաղաքացիներին:
Իր սկզբունքայնության պատճառով թիմակիցների հետ լարված հարաբերությունների մեջ է նաև «Իմ Քայլ»-ի մեկ այլ պատգամավոր՝ Քրիստինե Պողոսյանը: Վերջինս պարբերաբար է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, այսպես ասած՝ ընդհանուր գծից տարբերվող կարծիքներ արտահայտելու պատճառով: Նա դեմ էր արտահայտվում ոստիկանությունը և ԱԱԾ-ն քաղաքական կառույցների վերածելուն, և անգամ կոչ էր անում պատկերացնել, որ հենց իրեն են նշանակում ոստիկանապետի պաշտոնում՝ ինչպե՞ս դրան կվերաբերվեր ԱԺ-ն ու հասարակությունը…
Պետք է փաստել, որ հեղափոխությունից հետո իշխող քաղաքական ուժի ներսում տղամարդկայնությամբ աչքի են ընկնում հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները և մնում է հուսալ, որ ՔՊ –ի՝ նրանց արական սեռի գործընկերները օրերից մի օր նույնպես կկարողանան դրսևորել Սոֆյա Հովսեփյանի և Քրիստինե Պողոսյանի սկզբունքայնությունից, Արփինե Դավոյանի՝ նոն-կոմֆորմիզմից, Աննա Հակոբյանի կամային որակներից և հատկանիշներից…