Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:
«Բնականաբար սա մտահոգիչ է, քանի որ Գեորգի Կուտոյանը իր պաշտոնի բերումով տիրապետել է բազմաթիվ տեղեկություների և նրա ողբերգական մահը հարցեր է առաջացնում. ի՞նչ է կատարվում, ի՞նչ միջոցներով, ի՞նչ դրդապատճառներ են եղել, եթե, իհարկե, վարույթն իրականացնող մարմինը քննության արդյունքում իսկապես հանգի այն եզրակացության, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ այս ամենը խիստ մտահոգիչ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Ստեղծված իրավիճակը լուրջ ահազանգ է՝ լիկվիդացվում, վերացվում է մի մարդ, ով եղել է ԱԱԾ նախկին տնօրեն, նախորդ իշխանության ժամանակ տիրապետել ահռելի ինֆորմացիայի, զբաղեցրել երկրի համար կարևորագույն պաշտոններից մեկը, բացի այդ՝ ընդամենը 38 տարեկան էր»:
Փաստաբանը նշեց, որ անգամ, եթե ինքնասպանություն է, ապա այդ ողբերգության համար պետք է ծանրակշիռ դրդպատճառ լիներ. «Ո՞րն է եղել դրդապատճառը, ի՞նչ հանգամանքներ են եղել, որ Գեորգի Կուտոյանը դիմել է նման քայլի: ՀՀ իրավապահ մարմիները պարտավոր են անել ամեն ինչ, բացահայտել այս գործի հանգամանքները»:
Նորիկյանը նաև անդրադարձավ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության թեմային՝ ասելով. «Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչն է եղել նախկին ոստիկանապետի ինքնասպանության պատճառը, արդյոք քննությունն իրականացնող մարմիները ունեն համապատասխան տեղեկատվություն: Վերջ ի վերջո այդ մարդիկ շատ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, տիրապետել են ահռելի քանակի ինֆորմացիայի, որը շատ մարդկանց գլուխներ կարող էր տրորել»:
Փաստաբանի համոզմամբ՝ պետք է արվի ամեն ինչ այս գործերի բացահայտման համար: