ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որով ՀՀ ոստիկանությանն իրավունք է տրվում օպերատիվ–հետախուզական աշխատանքների շրջանակում գաղտնալսում կատարել՝ առանց դրա համար հատուկ թույլտվություն ստանալու։ Հիշեցնենք, որ նախկինում նման գործառույթ իրականացրել է միայն ԱԱԾ-ն: Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն և Սիփան Փաշինյանը:

Ինչ է ենթադրում նոր օրենքը և որքանով է տեղին, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել փաստաբան Արա Ղազարյանից:

«Օրենքի նախագիծը միայն տեխնիկական՝ ժամանակ խնայելու հարց չի կարգավորում: Այստեղ մարդու իրավունքների վերաբերյալ շատ լուրջ խնդիր է դրված: Դեռ 13 տարի առաջ Եվրոպայի խորհուրդը ասել է, որ հանրային քրեական հետապնդման մարմիները չպետք է օգտվեն Ազգային անվտանգության  գաղտնի մարմինների ենթակառույցներից՝ իրենք իրենց սեփական ենթակառուցվածքը պետք է ունենան, որպեսզի խուսափեն  գաղտնի մարմինների՝ ինչպես օրինակ ԱԱԾ-ի դոսիեներ պատրաստելուց»,- ասաց փաստաբանը:

Ղազարյանի խոսքով՝ ոստիկանության՝ ԱԱԾ դիմելը, ամեն անգամ հղի է վտանգներով, քանի որ  ձայնագրություններն ու տվյալները մնում են նաև այդ կառույցում:

 

«Այս ամենից ելնելով՝ հարց է առաջացել, որ ՀՀ ոստիկանությունն իր առանձին ենթակառույցը ունենա: Վերջապես դա իրականացավ: Արդյունքում՝ ԱԱԾ-ը կտրվում է հանրային-քրեական հետապնդման մարմիներից, որը այդպես էլ պետք է լինի: Ընդհանրապես, ԱԱԾ-ին պետք է թույլ չտալ քրեական հետապնդում իրականացնել»,-խոսքն ամփոփելով՝ ասաց փաստաբանը: