Անասնատերերի ու մսավաճառների՝ օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերն ընդդեմ կառավարության' բակային մորթն արգելող որոշման, իրենց արդյունքը, կարծես թե, ունեցան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց, որ որոշման գործնական մասը կսկսվի հուլիսի մեկից: Այս ամիսների ընթացքում, կառավարությունն ամեն կերպ կաջակցի տնտեսվարողներին՝ նախապատրաստվել գործընթացին: «Իրավիճակը այնպիսին է, ինչպիսին կար այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի մեկից Հայաստանի Հանրապետությունը անցնելու է այս համակարգին և որևէ ցույց չի լինելու»,-ասաց Փաշինյանը:

Թեմայի վերաբերյալ հարցերին պատասխանել է Աժ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը. «Մսագործները պիտի հնարավորություն ունենան մնալ իրենց բիզնեսի մեջ, այդ պատճառով կառավարությունը կներդնի աջակցման գործիքներ, որոնցով մսավաճառներն իրենք կկարողանան ստեղծել իրենց փոքրիկ սպանդանոցները, որոնք, գուցե, շարժական կլինեն: Մենք ամեն կերպ փորձում ենք ավելի մրցակցային դաշտ ստեղծել, ունենալ տասնյակ և հարյուրավոր ընկերություններ, և բազմազանության միջոցով նպաստել գործը շատ կազմակերպված անելուն և, իհարկե, շուկայում գնային ճնշումներից խուսափելուց»:

Կարապետյանը պնդեց, որ որոշման հետևանքով չպիտի տուժեն, հատկապես, փոքր թվով կենդանիներ պահողները, ոչ մի քաղաքացի իր այդ գործը թողնելու մասին չպիտի մտածի և չպիտի մտածի երկրից գնալու մասին. «Հավասար պայմաններ ստեղծելու համար պետք է ֆերմերներին բաժանենք մի քանի խմբի' ըստ իրենց անասունների թվի, փոքր ֆերմերներին պետք է աջակցել ավելի շատ, աջակցման ծրագիրն, առավելապես, իրենց համար է: Որոշման հիմնական նպատակը սննդամթերքի անվտանգությունն ապահովելն է, բայց չպիտի մոռանանք մոտ 50.000 տնտեսվարողների մասին»:

Անդրադառնալով խոշոր տնտեսվարողներին' պատգամավորն ասաց, որ նրանք հակված են իրենք իրենց սեփական սպանդանոցը կառուցելու մտքին, և դրան կառավարությունը դեմ չէ, որովհետև գտնում են, որ սպանդանոցային ոլորտը չպետք է մոնոպոլիզացվի, մի քանի անհատներ չպիտի իշխեն ոլորտում, գին թելադրեն: Կարապետյանը խոսեց նաև սպանդանոցային սանիտարական մաքրության վերահսկողության մասին. «Մշակել ենք օրենսդրություն, որով սահմանված հսկողությունը բավական խիստ է: Օրենսդրության կիրառման հարցն է, որ պետք է իրագործենք: Կարծում եմ, որ տեսչությունը բավարար կամք ունի ճիշտ վերահսկողություն իրականացնելու: Տեսաք' վարչապետն ասաց, որ նմանօրինակ վերահսկողությունը 6 ամսով դադարեցնում ենք, բայց սա չի նշանակում, որ տեսչությունն անգործ է լինելու: Ամեն դեպքում հիվանդությունների, համաճարակների տարածումը մսի միջոցով, միանշանակ, պետք է կանխվի»:

Հարցին, թե արդյոք բակային մորթն արգելելու գործընթացը ճիշտ ժամանակին է սկսվել, երբ մսավաճառները նախապատրաստված չէին, պատգամավորը պատասխանեց. «Գործընթացը շատ վաղուց է սկսվել, դեռ 2015 թ-ին այն քննարկվել է, կիրառման ժամանակացույցն է միայն փոփոխվել ու հետաձգվել, ցավոք մենք հիմա 4-րդ անգամ ենք այս մակարդակով անդրադառնում այս խնդրին: Նախկինում հետաձգել են՝ պատճառաբանելով, որ տնտեսությունը, դեռևս, պատրաստ չէ: Հիմա 6 ամիս կա առջևում, գյուղացին ու մսագործը պիտի հստակ գիտակցեն, որ այդ ժամկետի լրանալուն պես՝ այլընտրանք չի լինելու, մենք անցնելու ենք հանրությանն ավելի ապահով սննդամթերքով ապահովելու գործընթացին»:

Մտավախությանը, թե 6 ամիսը, գուցե, չբավականացնի մսագործների պատշաճ նախապատրաստմանը և հետագայում կրկին բողոքի ալիք բարձրանա, պատգամավորը պատասխանեց. «Ուսումնասիրելով աջակցմանն ուղղված գործիքակազմը, կարող եմ ասել, որ 6 ամիսը բավարար ժամկետ է բոլորի համար նախապատրաստվելու, հատկապես, երբ կա կառավարության աջակցությունը»:

Հիշեցնենք, որ հունիսի մեկից կենդանիներին սպանդանոցում մորթելը դառնում է պարտադիր: Մսամթերքի իրացման բոլոր կետերում տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական V-րդ ձեւը։ Սա տեղեկանք է այն մասին, որ միսը ստուգված է, անվտանգ է, և որ անասունը մորթվել է սպանդանոցում։ Այս տեղեկանքը տրամադրելու են սպանդանոցները։