Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնել փաստեր Նոր Հայաստանի մասին: Այդ փաստերին, սակայն, չենք անդրադառնա, քանի որ բավական առիթներ են եղել կասկածի տակ առնելու կառավարության ներկայացրած վիճակագրությունը և ձեռքբերումների իրական լինելու փաստը: Սակայն, պետք է փաստել, որ 100 փաստերը չպետք է ներառեն միայն կառավարության դրական աշխատանքի արդյունքները, 100 փաստը ենթադրում է համապարփակ զեկույց, հատկապես, որ հանրությունը իր առօրյա կյանքում նկատում է փաստեր, որոնք հեռու են դրական համարվելուց, սակայն կազմում են հպարտ քաղաքացիների կյանքի անբաժան մասը:
 
Եվ այդ փաստերը նույնպես արժանի են ուշադրության, քանի որ նույնպես հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքի արդյունքը: Օրինակ, Հայաստանում գործազրկությունը աճել է 6,7 տոկոսով, 237 000-ից դառնալով 253 000, գնաճը, ըստ ԿԲ-ի, կազմել է առնվազն 1.5 տոկոս և այդ գնաճը հունվարից սկսած միայն ավելանալու է՝ կապված ԵԱՏՄ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու հետ: Այս տարի վիճկոմիտեն գյուղատնտեսության տվյալները հրապարակում է միայն եռամսյակը մեկ անգամ։ Ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի հաշվարկում, սակայն, գյուղատնտեսության տվյալները ներառվում են։ Բայց որպես առանձին տող՝ այս ոլորտը ներկայացվում է միայն երեք ամիսը մեկ անգամ։ Ըստ վերջին հրապարակման՝ հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 574.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 4.8 %-ով։
 
Գյուղատնտեսությունն անկումային է եղել նաև 2017-2018 թվականներին։ Սակայն այս փաստերը, չգիտես ինչու, տեղ չեն գտել Փաշինյանի զեկույցի մեջ: Իշխանությունները չեն ֆիքսում նաև այն պահերը, երբ, օրինակ, նվազում են տնտեսության ակտիվության ցուցանիշները, սակայն կարող են ակտիվորեն տարածել արևմտյան լրատվամիջոցներում իրենց իսկ կողմից պատվիրված գովազդային նյութերը, որոնք նկարագրում են Հայաստանի բիզնես գրավչությունը, ինչպես ասում են՝ մենք մեզ չգովանք, ոչ մեկ չի գովա…
 
Գուցե հաջորդ 100 փաստերը ներկայացնելիս կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը հաշվի առնեն նաև այն փաստերը, որոնք կան և որոնցից ոչ մի տեղ չես փախչի, իսկ ժամանակը, որը կառավարությունը ծախսում է այդ փաստերը կոծկելու վրա, կարելի է օգտագործել ավելի արդյունավետ՝ խնդիրներին լուծումներ գտնելով…