Եվրոպայում ցանկանում են ազատվել մանրադրամից: Եվրահանձնաժողովը նոր աշխատանքային ծրագրով առաջարկում է շրջանառությունից հանել մեկ և երկու ցենտ անվանական արժեքով մետաղադրամները, գրում է Sueddeutsche Zeitung-ը՝ հղում անելով փաստաթղթի կրկնօրինակին:
Հանձնաժողովն առաջարկում է ԵՄ անդամ բոլոր երկրներում գների կլորացման (առնվազն հինգ ցենտով) միասնական կանոններ մտցնել: Եվրոպական հանձնաժողովի 2018 թ.-ի զեկույցի համաձայն, եվրոպական երկրների քաղաքացիների մեծ մասն իրենց հաշվարկներում չեն օգտագործում մեկ կամ երկու ցենտանոց մետաղադրամները: Դրանց շրջանառությունից հանելը կօգնի էապես նվազեցնել մետաղադրամներ արտադրելու, հաշվելու և տեղափոխելու ծախսերը, գրում է պարբերականը:
Եվրախորհրդարանում ոչ բոլորն են միաձայն ընդունել այս նախաձեռնությունը: Որոշ պատգամավորներ փոքր մետաղադրամների շրջանառությունից հանելը համարել են որպես ամբողջովին անկանխիկ վճարման անցնելու առաջին քայլ: