Մենք դատարանում ենք լսելու Արման Բաբաջանյանի բոլոր փաստերը և ապացույցները՝ զրպարտություն որակվող գնահատականների շրջանակներում։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե Արման Բաբաջանյանը 2006-ից 2009 թվականներին Նուբարաշեն ՔԿՀ-ում է եղել, այնտեղ ծանոթացել է մի շարք դաշնակցականների հետ, որոնք ահաբեկչական ակտերի համար դատապարտված են եղել և իրեն պատմել են, թե ինչպես են նորանկախ Հայստանի ժամանակ սպանություններ կատարել և արդյոք նրանք կցանկանան, որ Բաբաջանյանը դատարանում այդ մութ անցյալը վեր հաներ և արդյոք դաշնակցականները իրավական հարթությունում կկարողանան պարզաբանել, թե ինչպես եղավ, որ 1998 թվականին Քոչարյանի նախագահ դառնալու արդյունքում, դաշնակցականներից շատերը, ուղղակի, դուրս եկան բանտերից։
«Մենք համոզված ենք, որ ակտիվ դատական պրոցես ենք ունենալու և հարգարժան դատարանից էլ ակնկալում ենք հավուր պատշաճի գնահատումներ։ Ուրախ կլինեմ, որ Բաբաջանյանն իր այս փաստերը ներկայացնի պատշաճ հիմնավորումներով, ապացուցողական նշանակության փաստերով, այլ ոչ թե որպես լրագրողական հայտարարություն և ես համոզված եմ, որ այս և մյուս բոլոր հարցերի պատասխաններին, որ տարիների ընթացքում Դաշնակցության ղեկավար մարմինները հարկ չեն համարել անդրադառնալ, այդ դատական նիստերի ընթացքում մանրամասն կներկայացվի։ Մենք ականատես ենք լինում հերյուրանքների, իրականությունից կտրված հայտարարությունների, փաստերի ակնհայտ խեղաթյուրումների, սուտ կեղծ տեղեկատվության հրապարակման»։
Հարցին, թե նա մտավախություն չունի՞, որ Բաբաջանյանը դատարանում կհայտնի, որ իր հայտարարությունը քաղաքական էր, Մինասյանը պատասխանեց․ «Չենք խորանում, այս պահի դրությամբ իր արտահայտությունների իրավաքաղաքական գնահատումների մեջ, այդ ամենը դատարանում պարզ կլինի, բայց, առհասարակ, չի կարող քաղաքական որակվել այն հայտարարությունը, որը հստակ ծանր հանցագործություն մեջ մեղադրելուն ուղղված հայտարարություն է»։
Դիտարկմանը, թե Արման Բաբաջանյանի վստահությունը իրենց չի՞ վախեցնում, Մինասյանը պատասխանեց․ «Մեզ ոչինչ չի վախեցնում»։