Գյումրին, կորոնավիրուսի դեմ պայքարում, աջակցություն կցուցաբերի իր քույր քաղաքին` չինական Սիանին: Այս մասին որոշում կայացվել է այսօր` Գյումրիի ավագանու` այս տարվա առաջին նիստում:
Սիան քաղաքից Գյումրիի քաղաքապետարանը երկու պաշտոնական նամակ է ստացել, որով չինական կողմը խնդրել է իրենց բժշկական պարագաներ տրամադրել: Ավագանին որոշել է այդ նպատակի համար 2 մլն դրամ հատկացնել:
Ինչպես ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը նշեց, առաջին անգամ քաղաքապետարանը որոշումներ կայացնելու ընթացակարգն է խախտել: Գումարները հատկացրել են, ծախսը կատարել, հետո են դիմել ավագանուն` այն հաստատելու համար: 10 հազար ձեռնոց, 20 հազար բախիլ, 1000 խալաթ ու 8230 բժշկական դիմակ, ընդհանուր` 320 կգ կշռող բեռը փաթեթավորել են, պատրաստվում են ուղարկել Չինաստան:
«Սիան քաղաքից մեզ դիմել են խնդրանքով, որովհետև այնտեղ շատ դժվար է բժշկական միջոցներ ճարելը, դեֆիցիտ է: Խնդրել են մեզ` որպես քույր քաղաք, օգնել բժշկական միջոցներով: Մենք կարող ենք մեզ թույլ տալ 2 մլն ծախս կատարել: Ի դեպ, ասեմ, որ ՀՀ-ում էլ շատ դժվարությամբ է ճարվում: Խնդրել ենք տարբեր դեղատներից ու բժշկական կազմակերպություններից»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
Դրամական հատկացումներն այսքանով չեն սահմանափակվել: Ավագանին որոշումներ է կայացրել մի շարք կազմակերպությունների ու անհատների դրամական աջակցություն հատկացնելու մասին, որի հնարավորությունը տեղական բյուջեն ունի: Այսօր ներկայացվել է ճշգրտված բյուջեն, որն ավելացել է ի հաշիվ գույքահարկի: Քաղաքապետարանի եկամուտները ավելացել են, ըստ այդմ էլ, բյուջեի չափը փոխվել է` հիմնականում ի հաշիվ ներմուծված ավտոմեքենաների:
Ավագանին այսօր հաստատեց նաև արխիվային փաստաթղթերը համայնքային սեփականությունից պետական սեփականության հանձնելու մասին որոշումը: Քաղաքապետարանի գործունեությունը, որոշումները փաստաթղթավորված տրվելու են պետական արխիվ: Սա ապահովագրում է այդ փաստաթղթերը անհետանալուց, ինչի նախադեպը Գյումրիի քաղաքապետարանում կա: