Ամիսներ առաջ բարձրացրեցի ներդրողների հետ կապված խնդիրները, որ տարբեր խոչընդոտների են հանդիպում և վարչապետը խոստացավ պատժել խոչընդոտողներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Ուզում եմ ներկայացնել հերթական ներդրողի ոդիսականը. ներդրողը 2019 թվականի մայիսին կառավարությանն էր ներկայացրել 7 ամյա բիզնես ծրագիր և խոսքը վերաբերում էր տեխնիկական կանեփի ցանքին, որին թույլտվությունը կառավարությունից ստացել էր: Նշեմ, որ այդ կանեփոում 0,3 տոկոս է պարունակում հոգեմետ նյութը և չի համարվում թմրամիջոց: Կառավարորթյունը տվել էր համաձայնություն, ներդրողը 170 հազար դոլարի սերմացու է տվել, բերել է, ցանել է, ոստիկանության հետ կնքել է 24 ժամյա պահպանության պայմանագիր, որպեսզի այդ մեկ հեկտար ակտը պահպանեն և երբ եկել է արտադրանքը հավաքելու փուլը, որից նախատեսվում էր տեղում կազմակերպել օրինակ՝ բուսական յուղի արտադրություն, մանրաթելերի արտադրություն, և երբ հավաքել են ամբողջ ցանածը, ոստիկանությունը եկել է և առգրավվել է: Այն ոստիկանությունը, որ մի քանի ամիս այդ տարածքը պահպանել է»,-ասաց նա:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ամիսներ շարունակ այս գործարարը չի կաորղանում կառավարությունից որևէ պատասխան ստանալ, թե ինչ անի և դիմել է իրեն:
«Ուզում եմ հասկանալ, թե ինչ անի այս գործարարը, քանի որ Ամերիկայի իր գործընկերները սպասում են պատասխանի: Մոտ 400 հազար դոլարի ներդրում է կատարել և հիմա անորոշ վիճակում է մնացել»,-ասաց նա:
Հարցին արձագանքեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նշեց որ տվյալ ներդրողը կառավարությունից որևէ համաձայնություն նմանատիպ գործունեություն իրականացնելու համար չի ստացել և չի կարող ստանալ, քանի որ կառավարության որոշման համաձայն՝ կանեփի բոլոր տեսակների արտադրությունը ՀՀ-ում արգելված է: Նա նշեց, ոչ տեխնիկական կանեփը որոշ երկրներում արգելված չէ և նման քննարկումներ սկսել է նաև Հայաստանում և էկոնոմիկայի նախարարությունը վերլուծությունը կտա, թե նման կանեփի արտադրությունը ինչ հնարավորություններ է տալիս, և որ երկրներում ինչ կարգավորումներ կան:
«Պարոն Գորգիսյան ներդրումների չափի հետ կապված վստահեցնում եմ, որ այն թվերը, որոնք Դուք հնչեցնում եք, ուղղակի գերչափազանցված են, որևէ կերպ փաստարկված չեն: Այնուամանայնիվ էկոնոմիկայի նախարարության վերլուծությունից հետո մենք մեր վերաբերմունքը կկարողանանք արտահայտել, դրանից հետո արդեն կհետևի տվյալ ներդրողի խնդրի հանգուցալուծումը այս կամ այն կերպ»,-ասաց նա:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ փաստորեն փոխվարչապետը պնդում է , որ առանց կառավարության թույլտվության հնարավոր է ներկրել սերմացու, մեկ հեկտար տարածք ցանք կազմակերպել, առանց կառավարության իմացության ոստիկանության հետ պայմանագիր կնքել, որ այդ արտը 24 ժամյա հսկողություն ունենա:
«Եթե դա այդպես է , ուրեմն առաջին հերթին պետք է համապատասխան կառույցների ղեկավարներին աշխատանքից հեռացնել, նոր քննարկումները իրականցնել: Ոնց է հնարավոր, որ դա ներմուծվել, ցանվել, քաղվել է կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել և վերջին պահին եկել առգրավել է»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը նշեց, որ մատնանշած կառույցի ղեկավարը արդեն նախկին ղեկավար է և չի աշխատում: Նա նշեց, որ գուցե հնարավոր է Հայաստանում ներմուծել, քանի որ ներմուծումը կարգավորումներով չի արգելվում, բայց աճեցումը արգելվում է և դրա համար որևէ համաձայնություն կառավարության հետ չէր կարող լինել: