ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են դատախազությունից։
Պապիկյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով արձագանքել էր իր վերաբերյալ մամուլի այն հրապարակմանը, որտեղ նշված էր, որ նա ծառայելու տարիներին մանսկացել է միջադեպի։ Միջադեպի ժամանակ, ըստ հրապարակման, Պապիկյանը դանակով վիրավորել է իր հրամանատարին՝ որի համար դատապարտվել է ազատազրկման։ Նա տեսանյությում հորդորում էր ոստիկանությանն ու ԱԱԾ-ին պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը մրոտելու առիթ:
Պապիկյանը հերքեց, որ ինքը դանակով վիրավորել է որևէ մեկին, սակայն չհերքեց, որ դատապարտված է եղել:
«Այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաների և տվյալ անձի համաձայնությամբ՝ որևէ մեկին տրամադրելով: Սա նշանակում է, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ փոխանակ զբաղված լինեին հետհեղափոխական շրջանում Հայաստանի Հանրապետությունը թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող, անարգողներին ու նրանց կատարած հանցագործությունները բացահայտելու գործով՝ զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյայի, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձեւավորելով: Սա անընդունելի է: Եվ տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից»,- հայտարարեց Պապիկյանը: