Քաղցրավենիքի շուկայում որոշ դեպքերում տեղի է ունեցել թանկացում, որոշ դեպքերում՝ գնանկում: Երևույթը, մի տեսակ, ավանդույթի պես մի բան է դարձել, որի հեղինակների դերում հանդես են գալիս հայրենի գործարարները: Հատկանշական է այն, որ պարբերաբար թանկանում են, գրեթե, նույն ընկերությանը պատկանող քացրավենիքները և այդպես էլ ոչ մի տրամաբանական պատճառաբանությամբ չեն հիմնավորվում:

ԼՈՒՐԵՐ.com-ը շրջել է երևանյան խանութներով և արձանագրել «Սնիկերս», «Մարս», «Թվիքս», «Էմ ընդ Էմս» շոկոլադե սալիկների գները: Նշված խմբաքանակը թանկացել է մինչև 60 դրամով, նախկին 200 դրամի փոխարեն վաճառվում է 220-260 դրամով: Նշենք, որ այս շոկոլադների բիզնեսով զբաղվում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը, հանրությանն առավել հայտնի՝ «Դերժավայի Արկադ» անունով:

Գնաճ է նկատվում նաև «Օրբիտ» տեսակի մաստակների դեպքում. նախկին՝ 150 դրամի փոխարեն վաճառվում են 160-170 դրամով

Հակառակ թանկացումներին, արձանագրել ենք նաև աննախադեպ գնանկում որոշ տեսակի քաղցրավենիքների վրա: Մասնավորապես, «Ալփեն գոլդ»-ի տուփը նախկին 440-ի փոխարեն վաճառվում է 290-340 դրամով, իսկ «Օրեո» թխվածքաբլիթի տուփն այժմ արժե 320 դրամ

Ինչպես նկատում են ոլորտի մասնագետները՝ գնանկումը լավ է, եթե այն արդարացված է: Սակայն աննախադեպ գնանկումով պետք է ոչ թե ուրախանալ, այլ անհանգստանալ. երբեմն դեմպինգ է իրականացվում՝ խոշորների կողմից մանրերին դուրս թողնելու համար, հնարավոր է՝ ժամկետի ավարտին մոտեցող խմբաքանակներ կան, որոնք իրացվում են։ Չի բացառում, որ «Ալփեն գոլդ»-ի կողմից գնիջեցումը հենց այս դեպքերով է պայմանավորված, ինչը որևէ լավ բանի չի հանգեցնի: