Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համացանցում մեծ աղմուկ է բարձրացել՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի տարբերանշանի հետ կապված։ Ըստ սոցիալական ցանցի օգտատերերի՝ այն 1991 թվականի Անկախության հանրաքվեի տարբերանշանի գրագողությունն է։ Պարզվում է՝  2020 թվականին «ԱՅՈ» քարոզչական կողմի տարբերանշանի համար հայտարարված մրցույթում հաղթած «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» կազմակերպությունը 29 տարի անց կրկնօրինակել է տարբերանշանը և այս «տաժանակիր» աշխատանքի համար ստացել 3 մլն դրամ։

ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերությունից, սակայն մեզ հետ զրույցում «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» կազմակերպության տնօրեն Ռաֆայել Դանիելյանն ասաց, որ ավելի ուշ կպատասխանի մեզ․ «Ես նոր եմ տեղեկացել։ Ինքնաթիռի մեջ եմ, հենց նոր եմ իջել ինքնաթիռից, գիտեմ ինչի համար եք զանգել, հետևեք իմ ֆեյսբուքյան էջին՝ կպատասխանեմ»,- շփոթված պատասխանեց ընկերության տնօրենը։

Նկատենք, որ երեկ, երբ հայտնի դարձավ տարբերանշանի մրցույթում հաղթած ընկերության անունը, Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով․ «Պարզվեց արդար ա )) Garoon»։

 

Ավելի վաղ, տարբերանշանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեզ հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  և  «ԱՅՈ»-ի շտաբի մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանն ասել էր «Մենք լոգոյի հետ կապված ստացել ենք 300-ից ավել հայտ, որոնք ֆիլտրել ենք բացառապես էսթետիկ, վիզուալ ընկալումներով, մեզ ավելի շատ դուր է եկել այս տարբերակը, որն ընտրել ենք։ Այն, ինչ տարածվում է սոցկայքերում, մենք դրա մասին տեղյակ չէինք, հիմա արդեն կորոշենք, թե ինչ պետք է անենք»,- ասաց նա։
 
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 25-ին, Սահմանադրության փոփոխությունների դրամահավաք-երեկոյի ընթացքում «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ընտրությունը բավականին դժվար ու բարդ է եղել և երկար վիճելուց հետո եկել են եզրահանգման, որ առաջին տեղը զբաղեցնում է «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» կազմակերպությունը։ Իսկ ահա կազմակերպության ներկայացուցիչները խորին շնորհակալություն հայտնեցին իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար։