Գիտությունների ազգային ակադեմիայի գլխին սև ամպեր են կուտակվում: Մարտի 2-4-ն ընկած ժամանակահատվածում ԳԱԱ-ի կազմում գործող բոլոր ինստիտուտներում փակ-գաղտնի քվեարկությամբ որոշում են՝ ցանկանում են մնալ ակադեմիայի կազմում, թե՝ ոչ: Թեև մարդիկ այն համարում են ձևական քվեարկություն, բայց ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ինստիտուտների մեծ մասը դեմ է նման փոփոխություններին և հենց այդպես էլ քվեարկել են: Պատճառն այն է, որ աշխատակիցները չգիտեն, թե հետո ինչ է լինելու, ինչպես են աշխատելու, բացի այդ՝ նրանք չեն ցանկանում, որ այդ գիտական կառույցը լուծարվի: Թեպետ ենթադրում են, որ փոփոխություններն անխուսափելի են:
Նկատենք, որ նման քվեարկություն իրականացնելու միտքը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանինն է, քանի որ այս տարբերակով նա ցանկանում է «կոլեկտիվների տրամադրությունը ստուգել»:
Դեռ նախորդ տարվանից՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսվում են իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնցից մեկն էլ այն է, որ ԳԱԱ կազմում գործող ինստիտուտները դուրս գան ակադեմիայի կազմից և գործեն ինքնուրույն:
Նախորդ շաբաթ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխության քննարկման ժամանակ հայտարարեց, որ Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք անարդյունք են աշխատում, պետք է փակվեն։ Նա, մասնավորապես, նշել էր, որ կփակվեն այն ինստիտուտները, որոնք տարիներով աշխատել են ու ոչ մի պրոդուկտ չեն տալիս: Նույն ելույթի ժամանակ նախարարը արդյունավետ աշխատող ինստիտուտներին պետական աջակցություն, պետական պատվեր և ֆինանսավորում խոստացավ։
Թե ինչ կլինի ԳԱԱ-ի, ինչպես նաև ինստիտուտների ճակատագիրը, դժվար է ասել: Նույնիսկ այն դեպքում, եթե գործող բոլոր ինստիտուտները դեմ քվերակեն Ակադեմիայի կազմից դուրս գալուն:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 35-ից ավելի գիտական ինստիտուտ, յուրաքանչյուրում միջինում 50 աշխատակից կա, այսինքն այս փոփոխություններով պայմանավորված՝ այդքան մարդ կմնա առանց այդ աշխատանքի: