«Բոլորին հայտնի է, թե մեր երկրում գիտությունն ինչ վիճակում է: Հայաստանի գիտության համակարգը հոգեվարքի մեջ է: Բարեբախտաբար, կան շնորհալի գիտնականներ ևս: Ցավոք, ԳԱԱ-ն վաղուց նույնացվում է մի արատավոր կառավարման համակարգի հետ, որտեղ կարող են փողով, ծանոթով դառնալ թղթակից անդամ, ակադեմիկոս: Արդյունքում՝ ունենք ծերանոց, որտեղ մարդիկ աշխատանքի են գնում՝ ժամանակ առ ժամանակ բամբասելու, իրար հետ զրուցելու»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ԳԱԱ լուծարման հնարավոր հարցին:
Նա նշեց, որ նույն այդ մարդիկ, տարեկան զեկույցներում ակադեմիային են վերագրում երիտասարդ, շնորհալի գիտնականների արձանագրած արդյունքները. «Դա անհասկանալի է, քանի որ նույն այդ մարդիկ ամեն կերպ խոչընդոտում են երիտասարդ գիտնականների աշխատանքին: Նրանց համար փակում են դեպի գիտություն, դեպի ակադեմիա տանող ճանապարհը»:
Մանասերյանը շեշտեց, որ այդ կառույցը չպետք է նույնացվի Հայաստանի գիտության հետ: Բացի այդ, տնտեսագետը կարծում է, որ մեր ազգային կարևորագույն ձեռքբերումը՝ ԳԱԱ-ն, չպետք է լուծարվի անձանց պատճառով, քանի որ կան այլ տարբերակներ, որոնց կիրառմամբ հնարավոր է առողջացնել ԳԱԱ-ն:
«Կառույցը պետք է դառնա այսօրվա մարտահրավերներին համահունչ, վերակազմավորվի՝ մեծապես երիտասարդների և միջին սերնդի մասնակցությամբ: Այն մարդկանց միջոցով, ովքեր տեղյակ են միջազգային անցուդարձին և ճանաչում են իրենց երկիրը»,- ասաց նա:
Նա նշեց, որ հայ մտածողների երազանքն է եղել ակադեմիա ունենալը. «Ակադեմիան և նրա կազմում գործող ինստիտուտները մեկ օրում չեն ստեղծվել: Կարծում եմ՝ նույնիսկ համակարգային փոփոխոխություններ անելիս՝ պետք է շատ նրբանկատ լինել՝ փորձելով բարձրացնել արդյունավետությունը: Ցանկացած պարագայում փակելը ամենահեշտ տարբերակն է»:
Մանասերյանը ընդգծեց, որ ԳԱԱ հարցը կարգավորելու համար ամենակարևորը երիտասարդ գիտնականների ներգրավվածությունն է, քանի որ տարիներ շարունակ ամեն ինչ արվել է, որպեսզի երիտասարդները չլինեն գիտության մեջ. «Այժմ պետք է հակառակը անել՝ մոտիվացնել նրանց, որպեսզի ԳԱԱ աշխատակից լինելը նրանց համար պատվաբեր լինի: Առհասարակ, կարծում եմ, որ ԳԱԱ հարցում չպետք է լինենք անհեռատես: Անձերի պատճառով չպետք է տուժեն ինստիտուտները, կարևոր կառույցները: Մենք պետք է շատ ավելի հոգատար լինենք այս հարցում»: