Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նկար՝ կից գրելով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը փորձել է խմբագրել Վիքիպեդիայում ներկայացված իր կենսագրական տվյալները.

«Նկարում կարող եք տեսնել, որ երեկ առավոտից սկսած մինչև երեկո Պապոյանը համառորեն փորձել է հեռացնել այն տեղեկությունը, որը վերաբերում է իր քաղաքական կյանքի երկար ժամանակահատվածին։ Խմբագրման իր յուրաքանչյուր փորձից հետո հանրագիտարանի ադմինիստրատորները «վանդալիզմ» են բնորոշել այդ գործողությունները և անընդհատ վերականգնել են Պապոյանի կողմից հեռացվող տեղեկությունը։ Կարծում եմ թույլ չեն տվել դա անել այն պարզ պատճառով, որ այդ տեղեկությունը իրական է և չի կարող քմահաճորեն հեռացվել»։

Թե ով և ինչու է փորձել խմբագրել Պապոյանի կենսագրությունը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել հենց նրանից:

«Վիքիպեդիայի իմ կենսագրությունում մեկ ընդհանուր տեքստ է եղել, բայց երեկ այդ տեքստը փոխվել է ու ավելացվել էր կոնտեքստից դուրս երկու նախադասություն: Միգուցե, հենց Դավիթ Խաժակյանն է ավելացրել այդ տեքստը: Ներկայացված էր միակողմանի տեղեկատվություն՝ ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ հոդվածից վերցված»,-ասաց նա:

Պապոյանն ասաց, որ իր օգնականներին խնդրել է հանել այդ հատվածը, քանի որ դա չի համապատասխանել իրականությանը, կտրված է եղել ընդհանուր կոնտեքստից, սակայն Վիքիպեդիայի անվտանգությունը թույլ չի տվել հեռացնել այն:

«Մոտ մեկ տարի այդ էջում նույն, անփոփոխ տեղեկատվությունն է եղել իմ մասին, բայց Էդմոն Մարուքյանին քննադատելուց հետո ավելացվել է երկու տող: Հիմա, եթե Դավիթ Խաժակյանը այդպես հետևում է, գուցե, ենթադրում եմ, հենց նա է այդ մասը ավելացրել»,-նշեց Պապոյանը:

Պապոյանի խոսքով, այնուամենայնիվ, Վիքիպեդիայի աշխատակիցները ավելի ուշ խմբագրել են նոր ավելացված փոքրիկ տեքստը:

Հարցին, թե ի՞նչ էր ավելացվել կենսագրական տվյալներում, Պապոյանը, ցավոք, չհիշեց, բայց նորից նշեց, որ միակողմանի տեղեկատվություն է եղել: