Հանրությունը մշտապես քննարկել է Նոր Հայաստանի պաշտոնյաների գործուղում-վոյաժները, որոնց արդյունքում հիմնականում չեն գրանցվում որևէ նշանակալի ձեռքբերումներ: Ստորև ներկայացնում ենք, թե ուր և ինչ նպատակով են 2020 թ.-ին մեկնել հայ պաշտոնյաները:

Եվ այսպես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը մարտի 11-ից 13-ը Բելոռուսի Բրեստ քաղաքում էր, գործուղման նպատակը՝ մասնակցությունն էր Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին: Նիստի ընթացքում ստորագրվել են նաև Միավորված կոլեգիայի և դրան կից աշխատանքային խմբերի 2019 թվականի աշխատանքային ծրագրերի իրականացման արդյունքների, ինչպես նաև վերջիններիս 2020 թվականի աշխատանքային ծրագրերի մասին որոշումները:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 1-ից 6-ը գործուղվել էր Թունիսի Հանրապետություն: Հրավիրող կողմը' Անցումային արդարադատության միջազգային կենտրոն (ICTJ): Գործուղման նպատակը' Մասնակցություն «Ճշմարտություն, հաշվետվողականություն և ակտիվների վերականգնում. Ինչպե՞ս կարող է անցումային արդարադատությունը պայքարել կոռուպցիայի դեմ» խորագրով համաժողովին:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը 2020 թվականի փետրվարի 17-21-ը Նիդերլանդների Թագավորությունում էր՝ Ամստերդամում: Այցի նպատակն էր ուսումնասիրել Նիդերլանդների առողջապահության կազմակերպման և կառավարման համակարգը, ինչպես նաև բանակցություններ վարել երկկողմ համագործակցության շուրջ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Վահե Դանիելյանը և Անի Մխիթարյանը փետրվարի 13-ից 15-ը Թբիլիսիում էին: Գործուղման նպատակը' Վրաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Միխեյիլ Սարջվելաձեի և ԱՆ բարձրաստիճան այլ պաշտոնյանների հետ հանդիպումներ ունենալը, ինչպես նաև՝ Վրաստանի արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Հանրային ծառայությունների մատուցման սրահների գործունեությանը ծանոթանալը:

ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ արդարադատության նախարարի օգնականը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորությունում էին: Հրավիրող կողմը' Եվրոջասթի նախագահ Լադիսլավ Համրան: Գործուղման նպատակը' Եվրոջասթի նախագահ Լադիսլավ Համրանի, Եվրոպոլի գործադիր տնօրեն Կատերին դե Բոլի, Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի, Նիդերլանդների Թագավորության արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապերհաուսի, Նիդերլանդների Թագավորության Հելսինկյան կոտմիտեի փորձագետների հետ հանդիպումները:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունվարի 11-ից 15-ը Աբու Դաբիում էր՝ մասնակցելու «Աբու Դաբի կայունության շաբաթ 2020» խորագրով ամենամյա միջոցառման բացման արարողությանը, «Զայեդ կայունության մրցանակ» խորագրով մրցանակաբաշխությանը և «Ապագայի կայունության գագաթնաժողովին» (Future Sustainability Summit):