Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայությունն ամենօրյա ռեժիմով քաղաքում իրականացնում է ախտահանման լայնածավալ աշխատանքներ։
 
«Ամենօրյա գրաֆիկով ենք աշխատում, ըստ հերթականության՝ աղբամաններն ու կանգառները ախտահանելով գնում ենք առաջ՝ կանխարգելելով վիրուսի տարածումը»,- ասում է Գյումրու կոմունալ ծառայություն ՀԲՀ տնօրեն Վարդգես Սամսոնյանը։
 
Քլորով, սպիրտով կամ ժավելով ախտահանման աշխատանքները կատարվում են մեկանգամյա գրաֆիկով, որպեսզի հասցնեն ախտահանել բոլոր կանգառներն ու աղբամանները։ Վարդգես Սամսոնյանի պնդմամբ՝ ժամանակ առ ժամանակ քլորով ախտահանվում են նաև Գյումրու փողոցները:
 
Նշենք, որ Գյումրիում կորոնավիրուսի հաստատված դեպք չի գրանցվել: Քաղաքի բնակիչները զբաղված են իրենց ամենօրյա գործերով: Երկրում հաստատված արտակարգ դրությունը, մեծ հաշվով, բան չի փոխել հայրաքաղաքում:
 
«Կորոնան հումորից կվախենա, հումորը մեզի է փրգեգը...»-, ասում են քաղաքացիները: