Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

 

«Կոտայքի տարբեր համայնքներում շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված ամենատարբեր միջոցառումներ:

Եվ այսպես,

 

Եղվարդ, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Աբովյան, Ակունք, Նոր Գեղի համայնքներում ախտահանվել են փողոցները, բակերը, բազմաբնակարան շենքերի մուտքերը, ամենօրյա ռեժիմով ախտահանվում են նաև կանգառները, ներհամայնքային և ներմարզային տրանսպորտային միջոցները, աղբահանություն իրականացնող բեռնատարները:

Տարբեր համայնքներում ամենատարբեր նախաձեռնությունների արդյունքում քաղաքացիներին բաժանվել են դիմակներ, ախտահանիչ նյութեր և ձեռնոցներ,

 
 
 

մասնավորապես,

 

Նոր Գեղի համայնքում գործող հասարակական կազմակերպության և Նոր Գեղիի համայնքապետարանի միջև ձեռք բերված համագործակցության արդյունքում բնակիչներին անվճար բաժանվել են շուրջ 230 ախտահանված պաշտպանիչ դիմակներ։ Ավելին, կամավորներն իրենց ձեռքով, իրենց տներում կարում են դիմակներ՝ չխախտելով երկրում արտակարգ իրավիճակից բխող ինքնամեկուսացման կանոնները. դիմակները ախտահանվում են հատուկ ախտահանիչ սարքի միջոցով, այնուհետև բաժանվում բնակիչներին։ Նախատեսվում է կարել 2000-2500 դիմակ, որոնք պարբերաբար կբաժանվեն:

Հրազդանում նույնպես տարբեր նախաձեռնությունների շնորհիվ քաղաքացիներին բաժանվել են դիմակներ, ձեռնոցներ, իսկ սոցիալապես անապահով, խոցելի խմբում գտնվող ընտանիքներին տրամադրվել է նաև սնունդ:

 

Սոցիալական պատասխանատվության ցայտուն օրինակն էլ ունենք Չարենցավան քաղաքում: «Արաքս» սուպերմարկետը շուրջ մեկ ամիս, առաջին անհրաժեշտության մթերքներով կապահովի Չարենցավանի միայնակ բնակվող 20 թոշակառուներին։

 

Մարզի մյուս համայնքներում ևս իրականացվել և շարունակվում են իրականանալ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ամենատարբեր ծրագրեր, որոնց մասին ևս լայն իրազեկում կկատարվի»: