«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գրեթե մեկ տարի առաջ' մայիսի 31-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Հանձնաժողովի նախագահ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ հանձնաժողովը ձեւավորվել էր վեց ամսով, սակայն ժամկետը երկարաձգվեց եւս կես տարով, որպեսզի հանձնաժողովականները հասցնեն ձեռք բերել արժեքավոր տեղեկություններ եւ ամփոփեն' ինչու, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմը, ով ինչպես թերացավ, եւ ինչու կորցրեցինք 800 հա հողատարածքը:

Հանձնաժողովը ԱԺ-ում աշխատում է հատուկ սենյակում, որտեղ չկան «ժուչոկներ», ապահովված է գաղտնիությունը: Պատգամավորների հետ հանդիպման են եկել ՊՆ տարբեր պաշտոնյաներ, սակայն մինչ օրս հանձնաժողովն իր առջեւ դրած գերնպատակին չի հասել. Սերժ Սարգսյանը չի եկել ու չի պատասխանել պատգամավորների հարցերին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ չի ներկայանալու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նա այսօր սահմանադրական կարգի տապաման գործով մեղադրյալ է, եւ երբ ստացել է հանձնաժողովի գրությունը' ԱԺ հրավիրելու մասով, գրավոր փոխանցել է, որ մերժելու է: Հանձնաժողովը որեւէ լիազորություն չունի նրան պարտադրելու:

Տեղեկացանք, որ գրավոր հրավերի մեջ ԱԺ հանձնաժողովը մի ձեւակերպում է արել, թե խնդրում ենք «հաշվի առնել հարցի բարոյական եւ քաղաքական կողմերը», որը մեջբերելով էլ հենց Խաչատուրովը մերժել է ներկայանալ: Նախ նա հիշեցրել է, որ զինվորականը, պաշտոնաթող գեներալը պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսեւորել, հետեւաբար չի կարող հաշվի առել հրավերի քաղաքական կողմը, իսկ ինչ վերաբերում է բարոյականի կողմին, ապա, նախ, կասկածի տակ է դրել ուղարկողների բարոյականությունը, ապա նշել, որ չի գալու. ինչ ունի ասելու, ժամանակին ռազմական գործողությունների վերլուծությունների տեսքով ասել է»: