Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած՝ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը չի անցել պատշաճ հանրային քննարկում։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը։
«Լրագրողներ ջան, շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն ստանալու մասին ձեր հարցումներն այսուհետ կարող են մերժվել, եթե Շրջակա միջավայրի նախարարությունը դրանք համարի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող։
Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում այս վտանգավոր փոփոխությունն առաջարկել է Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ Կառավարությունն այսօր ընդունել։
Այս նախագիծը չի անցել պատշաճ հանրային քննարկում, չի ստացել քաղ. հասարակության հավանությունը, ավելին, այն արժանացել է խիստ քննադատության։ Մեր կարծիքը պարտավոր եք լսել»,- գրել է նա։
Ավելի վաղ կատարած գրառմամբ էլ նա հարց է բարձրացրել, թե ինչու պետք է հիմա նախագիծն ընդունվեր։
«Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում։ Երբ բոլորը զբաղված են, դուք գաղտագողի կառավարության նիստի օրակարգ եք բերում քաղ. հասարակության կողմից մերժված մի անգրագետ նախագիծ՝ առաջարկելով փոփոխել Տեղեկատվության ազատության մասին օրենքը։
Ո՞րն է սրա հրատապությունը, կարեւորությունը, իմաստը, նպատակը քաղաքացու համար այս պահին սա ընդունելու։
Ի դեպ, բոլոր նախկին կառավարություններն էլ ուզել են Տեղեկատվության ազատության մասին օրենքը փոխել։ Վստահ էինք, այս կառավարությունը տարբեր է»,- գրել է նա։