Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերաբերյալ տարածված տեղեկությունների համաձայն՝ այն զրկվել է թռիչքային լիցենզիայից, սակայն այնուհետև ձևակերպվեց, թե Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) խնդիրներ է արձանագրել Քաղավիացիայի կոմիտեում և հնարավոր է Հայաստանի ՔԱԿ-ը զրկվի դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու հնարավորությունից։ Նկատենք, որ թեև կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը շարունակում է գտնվել ֆիզարձակուրդում, սակայն կոմիտեից որևէ մեկն այդպես էլ չանդրադարձավ տարածված տեղեկություններին:
Պարզվում է՝ Քաղավիացիայի կոմիտեում Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից արձանագրած թերություններն ավելի վաղ բացահայտել էր Պետական վերահսկողական ծառայությունը։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանն ասաց, որ ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա գլխավոր դատախազությունում դեռևս հունվարին հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել Քննչական կոմիտե։
Նրա խոսքով՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հայտնաբերված խախտումները նորություն չեն, քանի որ այդ մասով դեռևս փետրվարին է ուսումնասիրություն իրականացվել. «Խնդիրներն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ «Տարոն Ավիա» ընկերությունը դիմել է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալություն՝ թռիչքային սերտիֆիկատ ստանալու համար, սակայն գործակալությունը ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերած խախտումների հիման վրա մերժել է ընկերությանը և թռիչքային սերտիֆիկատ չի տրամադրել։ ՊՎԾ փորձել էր խնդիրն ուսումնասիրել ու հասկանալ, թե արդյոք Քաղավիացիայի կոմիտեն տեսել է այդ խնդիրները, թե ոչ կամ ինչու չի տեսել», - նշեց Աղբալյանը՝ ավելացնելով, որ իրենք դա են ուսումնասիրել, ապա տեղեկանքը ներկայացրել իրավապահ մարմնին, որն էլ քրգործ է հարուցել։
Նշենք, որ ավելի վաղ Գլխավոր դատախազությունը այս քրեական գործի մասին իր տարածած հաղորդագրության մեջ նշել էր. «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից դրանց հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն 20.12.2018թ.-ին հայտ է ներակայացրել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալություն՝ «EASA»՝ Եվրոպական միության տարածք թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար:
Այդ շրջանակներում Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության աուդիտորները ինչպես ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, այնպես էլ ընկերությունում կատարել են ուսումնասիրություններ՝ հայտնաբերելով թվով 15 խախտումներ, որոնցից 5-ը, համաձայն միջազգային թռիչքային կանոնների, ուղիղ վտանգ է ներկայացրել թռիչքային անվտանգության համար։ Այս արդյունքները 15.07.2019թ. պաշտոնական գրությամբ ուղարկվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի էլեկտրոնային փոստին, սակայն կոմիտեի համապատասխան աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգով սահմանված պահանջները, այն չեն մուտքագրել «Mulberry» էլեկտրոնային համակարգ, դրանց համապատասխան ընթացք չեն տվել: Իսկ կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ աուդիտի մասով առանձնահատուկ խնդիրներ առկա չեն եղել։ Արդյունքում միջազգային կազմակերպությունում կասկածի տակ է դրվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հեղինակությունը, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իր գործառույթների պատշաճ կատարման հանգամանքը, վտանգ է ստեղծվել, որ առհասարակ արգելվեն ՀՀ-ում գրանցված օդանավերի թռիչքները ԵՄ տարածքում։
Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգով երկու տարին մեկ անգամ երկարաձգվել է ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականը, որի ընթացքում ընկերությունում իրականացվել են համապատասխան տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ օդային փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ պահանջների պահպանման և իրավիճակի գնահատման նպատակով։ Բացի այդ, Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» «ՓԱՐՏ-Մ (PART-M)» կանոնակարգի կիրարկման շրջանակներում, սահմանված ստանդարտների, ընդունելի տարբերակների և ուղեցույց նյութերի համապատասխանությունը պարզելու և խնդիրները վերհանելու համար, յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ Կոմիտեի կողմից ՍՊԸ-ում իրականացվել են տեսչական ստուգումներ: Դրանց արդյունքներն ամփոփող համապատասխան ստուգաթերթերի, օդանավ շահագործողի վկայականը երկարաձգելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի տվյալների՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից նույն ընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հետ համեմատական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2019թթ. տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների ժամանակ ոչ միայն չեն հայտնաբերվել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության արձանագրած խախտումները, այլ մի շարք դեպքերում համապատասխան ստուգաթերթերում տեղեկություններ են ներառվել առ այն, որ դրանք, այդ թվում՝ թռիչքային անվտանգության վերաբերյալ, համապատասխանում են սահմանված չափորոշիչներին և պահանջներին:
Արդյունքում ընկերությունը շարունակել է իր գործունեությունը՝ անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող խախտումներով։ Այսինքն ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ.-ին պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատախանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցվել, կեղծ փաստաթղթեր կազմվել։
Նկատի ունենալով, որ ուսոմնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»: