Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կոչ է արել «հետևողական լինել համաժողովրդական կարանտինի նկատմամբ»՝ համավարակի տարածման դեմ պայքարում: Այս մասին նա ասել է Washington Post-ին տված հարցազրույցում:

Գեյթսը նաև քննադատել է այն փաստը, որ որոշ նահանգապետեր չեն կիրառել սահմանափակիչ միջոցառումներ: Հայտնի է, որ ԱՄՆ 5 նահանգներ դեռևս չեն կարգադրել բնակիչներին մնալ տանը, իսկ 7 նահանգում կարանտինը սահմանվել է միայն որոշ շրջաններում:

«Այս թեմայի շուրջ խառնաշփոթը միայն կավելացնի տնտեսական խնդիրները, կբարձրացնի համավարակի կրկնվելու հավանականությունը և կհանգեցնի ավելի շատ մահերի»,- հայտնել է Գեյթսը:

Գեյթսը կարծում է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է արագացնի բնակչության թեստավորումը, հատկապես բժշկական աշխատողների շրջանում և կենտրոնանա պատվաստանյութի ստեղծման վրա: