Բոսնիա եւ Հերցեգովինայի Տուզլա քաղաքի հյուսիս-արեւելքում արյունոտ դրամա է ծավալվել՝ սպանությամբ, հրկիզմամբ եւ ինքնասպանության փորձով։
Աշխատանքից ազատվելու պատճառով վրդովված տաքսիստը հաշվեհարդար է տեսել պետի հետ։
Առանց եկամտի աղբյուրի մնացած տղամարդը որոշել է վրեժ լուծել «մեղավորից»՝ Euro taxi ընկերության տիրոջից։ Նուսրեթ Յահիչը ատրճանակով ներխուժել է 42-ամյա Էլվիր Տիրիչի տուն, որտեղ մի քանի կրակոցով սպանել է տանտիրոջը։ Վիրավորվել է նաեւ նրա կինը, որն այժմ հիվանդանոցում է։
Բայց Յահիչը դրանով էլ չի սահմանափակվել, այրել է նախկին գործատուի բնակարանը։ Իսկ երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, նա գնդակ է արձակել իր գլխին, հայտնում է ՆՏՎ-ն։
Հանցագործը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։ Եվս ութ մարդ, որոնցից վեցը՝ իրավապահներ, թունավորվել են այրման գազերից։