Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան բժշկական խոշոր ասոցիացիաներից մեկն աշխատանքային առաջարկ է արել ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանին՝ 20 հազար դոլար ամսական աշխատավարձով, իսկ Արսեն Թորոսյանը կտրուկ մերժել է, քանի որ այս պահին չի կարող հեռանալ Հայաստանից:
Լրատվամիջոցի պնդմամբ` ամերիկյան բժշկական հիմնարկներին դուր է եկել Արսեն Թորոսյանի պայքարն ըննդեմ կորոնավիրուսի, և հենց դա է աշխատանքի առաջարկի պատճառ հանդիսացել:
Ստացվում է, որ Արսեն Թորոսյանն արդեն հաղթահարել է կորոնավիրուսի տարածումը Հայաստանում ու իր աշխատանքի քաղցրահամ պտուղներն է վայելում: Սակայն, այս ամենից անդին դառը իրականությունն է:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատար է կորոնավիրուսի տարածման առումով:
Կորոնավիրուսով վարակվածների ու մահերի թվով առաջին տեղում Իրանն է: Վարակակիրների թիվն այնտեղ հասել է 60500-ի, որից 3739-ը՝ մահվան ելքով: Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 27069 ախտահարվածներից 574-ը մահվան ելքով: Երրորդ տեղում Հայաստանն է՝ 833 հաստատված դեպքով և 8 մահվան ելքով: Ադրբեջանը չորրորդ տեղում է, հաստատված դեպքերի թիվը հասել է 641-ի, որոնցից 7-ը մահվան ելքով: Հարևան երկրների հնգյակը հաստատված դեպքերի նվազագույն թվով եզրափակում է Վրաստանը: Երկրում վարակակիրները188-ն են, մահվան 2 դեպք է գրանցվել: Պատկերն ավելի մտահոգիչ է երևում, երբ թվերը վերլուծում ենք բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ:
Այսպիսի վիճակագրությամբ խոսել Արսեն Թորոսյանի արդյունավետ պայքարի մասին, մեղմ ասած, անհնար է: Հայաստանում վարակակիրների օր օրի աճող թվերը միայն ապացուցում են, որ ի սկզբանե վարակի տարածումը կանխարգելող աշխատանքներն անլրջության են մատնվել: Մինչ այս ձախողված նախարար համարվող Արսեն Թորոսյանի վարկանիշը լրջորեն անկում է ապրում այս օրերին, իրավիճակի կայունացումից հետո նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները թիվը հավանաբար կբազմապատկվի:
Նշենք նաև, որ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրուցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ տեղեկություն չունի թեմայի վերաբերյալ: Այսինքն, պաշտոնապես չի հաստատվում, որ Արսեն Թորոսյանը բարձր աշխատավարձով աշխատանքի հրավեր է ստացել ԱՄՆ-ից, չնայած այս արդյունքը գրանցած նախարարին ո՞ր ղեկավարը պաշտոն կտար, եթե ոչ միայն Նիկոլ Փաշինյանը: