Ֆեսբուքյան օգտատերերից մեկի գրառման մեկնաբանություններում այսօր աչքի էր ընկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով գրել էր. «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»։ Այնուհետև Նազարյանը նշում է, որ ամսական 500 հազար դրամը նախարարի համար քիչ է՝ նրանց նվիրյալ աշխատանքի դիմաց:
Հիշեցնենք մի դրվագ 2013 թվականից, երբ Խորհրդարանում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում նախագահի, ԱԺ խոսնակի և վարչապետի, աշխատավարձի շեշտակի բարձրացում: Կառավարության այս նախաձեռնությունն արժանանացել էր ընդդիմադիր պատգամավորների սուր քննադատությանը: Նիկոլ Փաշինյանը, ով այն ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ է հայտարարում էր, թե խորհրդանշական է, որ դրան նախորդել է գործազրկության նպաստը վերացնելու մասին օրինագիծը. «Եվ ահա սրանից բառացիորեն ժամեր անց Ազգային ժողովը քննարկում է Սերժ Սարգսյանի աշխատավարձը 203 տոկոսով բարձրացնելու, այսինքն` 436 հազար դրամից 1 միլիոն 322 հազար դարձնելու, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը 373 հազար դրամից 1 միլիոն 190 դրամ դարձնելու, այսինքն` 208 տոկոսով բարձրացնելու մասին հարցը»:
«Իմ Քայլի» պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ հայտարարում էր, որ պատգամավորի աշխատավարձը քիչ է, պլյուս 30 տոկոսն էլ քիչ է:
Անցած տարի վարչապետի կողմից նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի՝ հանրությունից գաղտնի կրկնապատկումը լուրջ աղմուկի տեղիք տվեց։ Եվ իշխանություններն իրենց այդ քայլերի համար սուր քննադատությունների ենթարկվեցին։ Սակայն, պարգեւավճարների հետ կապված օրեցօր նորանոր մանրամասնություններ են հայտնի դառնում այս օրերին՝ ի ցույց դնելով աստղաբաշխական թվեր: Իշխանության գալուց հետո այս մարդիկ, կարծես, մոռացել են նախկինում արված բոլոր հայտարարությունները, սկզբունքները, այսօր նորմալ է այն՝ ինչը մի քանի տարի առաջ արվում էր ՀՀԿ-ի կողմից և համարվում էր գրեթե պետական դավաճանություն…