«Հիմա քննարկում ենք սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: Կանխատեսում կա, որ շատ երկրներում էլ կշարունակեն մի քանի ամիս գործել սահմափակումներ»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը»-ի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ընթացքում պատգամավորն անդրադարձավ բեռնափոխադրումների սահմանափակումներին:
«Սահմանափակումներով պայմանավորված՝ ավելի քան արդիական է դառնում առողջության համար առաջնային անհրաժեշտության համարվող դեղորայքը փոստային ծառայության բեռնափոխադրումների միջոցով ստանալը, որովհետև ամենախիստ կարանտինային երկրներում բեռնափոխադրումների համար սահմանափակումները չեն գործում»:
Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս պնդեց, որ արտակարգ դրության երկարացման դիմում են ներկայացնելու կառավարությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի համաձայն՝ արտակարգ դրության ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հանրապետության Նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով: