Սերգեյ Լավրովի հայտարարությունը բխում էր Ռուսաստանի շահերից և ինչ-որ նպատակ էր հետապնդում: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ բանակցային սեղանին արցախյան կարգավորման հարցով փուլային փաստաթղթի առկայության մասինՆշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, ի պատասխան Լավրովի, ասել է. «Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել և այլ բան խոսել հասարակության մոտ՝ սխալվում է։ Նման բան չի եղել և չի լինելու»։

 
 

«Չպետք է մոռանալ, որ Լավրովը ՌԴ ԱԳ նախարարն է, ով կոչված է Ռուսատանի գործող իշխանությունների պատկերացումներով ՌԴ շահերը աշխարհով մեկ ներկայացնելու, իսկ նրա հայտարարությունները բխում էին հենց այդ շահերից: Եթե ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանն ասում է մի բան, որը խնդիրներ է առաջացնելու կողմերից մեկի հետ, ուրեմն ինչ-որ նպատակ է հետապնդում: Ինձ թվում է՝ Լավրովին պետք չէ բացատրել, որ եթե այդպիսի առաջարկ եք անելու, հայ ազգը մերժելու է ձեզ, որովհետև մեկ անգամ չէ, որ նման ձևակերպումներ անելիս մերժել են: Իսկ փաթեթն ամբողջական ներկայացնելուց Ադրբեջանն էր մերժելու: Լավրովն իր հայտարարությամբ փորձել է ինչ-որ հարցերով սիրաշահել Ադրբեջանին, բայց, ըստ երևույթին, որոշ հարցերում խնդիրներ ունենալով Հայաստանի հետ՝ փորձել է մեր իշխանություններին հասկացնել՝ «տեսեք, թե ինչ եք անելու, որովհետև մենք խնդիրներ ունենք»: Հենց հաջորդ նախադասությունը վերաբերում էր այդ խնդիրներին. նա ընդգծեց, որ միայն գազի գնի ժամանակ է Հայաստանին հետաքրքրում դաշնակցային հարաբերությունները, իսկ կան հարցեր, որոնք իրենց են հետաքրքրում»,- ասաց Պողոսյանը՝ նկատելով, թե ինչո՞ւ վերջերս Հայաստան այցելած Սերգեյ Լավրովը նման բաներ չասաց, ավելին՝ հակառակն էր ասում, ուստի պետք չէ, որ դրա համար հասարակության մեջ պառակտումներ լինեն։ Պողոսյանը հակված է հավատալու ՀՀ ԱԳ նախարարին, ոչ թե Լավրովին, որովհետև Մնացականյանի արտահայտած նախադասությունները բնականաբար պետք է միտված լինեին հայերի շահերը առաջ տանելու, ինչի մասին նախարարն ասաց, ըստ որի՝ միակողմանի զիջումներ չեն լինելու, որ Արցախի անունից չենք պատրաստվում խոսել, որ մեզ համար գերակայություն են անվտանգության ու կարգավիճակի խնդիրները, որ հողերը անվտանգության երաշխիք ապահովող էլեմենտ են: Ըստ նրա՝ Զոհրաբ Մնացականյանի խոսքերն ունեցել են իրենց լիարժեք ազդեցությունը, այդ մասին վկայում է Ալիևի օգնական Հաջիևի հայտարարությունը, ըստ որի՝ եթե հայկական կողմն այսպես շարունակի, նշանակում է վիժեցնում է բանակցային գործընթացը. «Փաստորեն ադրբեջանցին կարողացել է ճիշտ ընկալել, նորից գնալ մերժման: Ադրբեջանի արձագանքը վկայում է, որ Մնացականյանի բացատրությունը բավարար էր: Բայց մենք ունենք խնդիր այլ դաշտում՝ ինչո՞ւ էր պետք, որ Լավրովը հենց այդ օրը նման հայտարարություն աներ, այսինքն կան խնդիրներ, որոնք պետք է հարթվեն և դրանք կապ չունեն Արցախյան հակամարտության հետ»,- ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկացած խնդիր կարող է հաղթահարել միասնականությամբ՝ զարկ տալով սոցիալ-տնտեսությանը, ռազմարդյունաբերությանը:

Սոնա Հարությունյան