«ՀՀ վարչապետն ԱԺ-ում հայտարարում է` Ալիեւը կառուցողական է տրամադրված: Լո՞ւրջ ես ասում, պարոն վարչապետ: Էն Ալիե՞ւը, որը Մյունխենում նայելով քո աչքերին`ասաց` Արցախը անկախ չի լինելու, ասաց` լուծումը փուլային է լինելու, որը Երեւանն ու Զանգեզուրը համարում է Ադրբեջանի տարածք, որի վարչակարգը տասն օր շարունակ քեզ եւ քո վարչակարգին մեղադրում է բանակցությունները սաբոտաժ անելու մեջ»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի հարցի վերաբերյալ արած հայտարարություններին:

 

Ամենավտանգավորը Էդուարդ Շարմազանովը համարում է այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Թող ոչ մեկ մեզ չասի` այդ ի՞նչ ենք բանակցում: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»: Նա զգուշացնում է. «Քո նման միլիոնն էլ լինի` դու չես կարող բանակցել այն, ինչը կարող է վտանգել Արցախի շահերը»: Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է իր բոլոր այն հայտարարությունները`երկու տարի շարունակ արված, որ Արցախի հարցում բանակցություններ ինքը չի վարում եւ բանակցություններ չկան, ուղղակի հանդիպում են, ճշտումներ են անում: Մինչդեռ երեկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ նշեց, որ բանակցություններ կան եւ ինքը բանակցում է. «Փաշինյանը ուղղակի խաբում է Ձեզ, ժողովուրդ»: Ինչ վերաբերվում է փուլային տարբերակ լինել-չլինելուն, Լավրովի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանը ընդհանուր, խուսափողական պատասխան տվեց. «Պատգամավորը նաեւ հուշեց` գոնե ասեք`«ոչ», բայց Փաշինյանը չասաց ոչ Լավրովի գաղտնազերծմանը, չասաց ոչ փուլային տարբերակին: Բա, պարոն վարչապետ, դուխդ չի ներո՞ւմ փուլային տարբերակին ասել ոչ, Լավրովին ասել ոչ, հակաարցախյան եւ հակահայկական տարբերակին ասել ոչ: Թե՞ դուխդ միայն հերիքում է ասֆալտին փռել, «սամասուդ» անել, իսկ պետական շահը պաշտպանելու ժամանակ դուխդ անցնում է հետին պլա՞ն»: