Անահիտ Առաքելյանը, որը Ստամբուլից Հայաստան էր եկել 25-ամյա որդուն վերջին հրաժեշտը տալու, բայց կարանտինի մեջ գտնվելու պատճառով նրան թույլ չէին տալիս, խնդրի մասին մամուլում հրապարակումներից հետո նախօրեին հնարավորություն է ստացել մի քանի րոպեով այցելել սգո սրահ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա ընկերներից մեկը՝ նշելով, որ կինը եղել է ոստիկանների ուղեկցությամբ։

 

«Տարել էին սգո սրահ մի քանի րոպեով, թողել էին, որ միայն ձեռքը համբուրի որդու։ Հետո հետ էին տարել հյուրանոց»,- ասաց նա՝ նշելով, որ երիտասարդը մահացել է սրտի կաթվածից՝ կրտսեր եղբոր ձեռքերում, որը եղբոր հետ է բնակվել Հայաստանում, մինչ մայրը պարբերաբար ճանապարհորդել է Ստամբուլ, իսկ կորոնավիրուսով առաջացած իրավիճակի պատճառով էլ վերադառնալ չի կարողացել։ 

Կնոջ ընկերուհու խոսքով՝ Ստամբուլում գտնվող հայերով մի կերպ գտել են թռիչքի տարբերակ, որով նա կարողացել է Հայաստան հասնել։ Ժամանել է ուրբաթ օրը։

«Այստեղից մի կերպ ուղարկեցինք մինչեւ Մինսկ, 15 ժամ մնացել էր այնտեղ մենակ, մտածեցինք՝ մահվան թղթով կթողնեն, որ գոնե մասնակցի հուղարկավորությանը, բայց տարել էին կարանտին։ Իր համար վիճակը շատ ծանր է։ Փոքր տղան էլ մենակ է այս պահին»,- նշեց մեր զրուցակիցը։