ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ իշխանությունը, դատական համակարգում համատարած վեթթինգ չկատարելով, ձախողելու է համակարգի առողջացման գործընթացը, ինքնամաքրման շանս տալը սխալ է: Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մայիսի 12-ի նիստում իր ելույթում՝ անդրադառնալով մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ուղիղ եթերում քննարկմանը՝ դատական համակարգի բարեփոխումների՝ վեթթինգի և ապօրինի ծագման գույքի բռնագանձման թեմայով:
«Երեկվանից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակելու են արդարադատություն իրականացնել անցյալ տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին, սպանություններին իրավական ձևակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին ու կողոպտողներին արդարացրած դատավորները, նույն այն դատավորները, որոնք մինչև օրս էլ գտնվում են նախկին իշխանությունների, օլիգարխների ուղղակի և անուղղակի ազդեցության տակ: Եվ դուք միամտորեն որոշել եք նրանց ինքնամաքրման շանս տալ: Ու ստացվում է, որ շարքային քաղաքացին շարունակելու է իր հարկերից վճարել այս հանցագործ դատավորներին, ավելին՝ պարզ դարձավ, որ որոշել եք նրանց աշխատավարձերը բարձրացնել»,-ասաց Բաբաջանյանը:
Պատգամավորին չեն գոհացրել նախատեսվող բարեփոխումները, կարծում է, որ դատավորների՝ ոչ համատարած վեթթինգը արմատական առողջացման չեն բերի: Նրա կարծիքով՝ հանուն նաև դրանց փոփոխության է տեղի ունեցել հեղափոխությունը: Նա կարծում է, որ այդ առանցքային ոլորտում հեղափոխությունը պարտություն կկրի: