«ՄՌՈւ-ի մոտ արշալույսները խաղաղ են: Երևանի հաշվառման-քննական բաժնի մուտքն այսօր»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ: Փաստորեն, ՄՌՈւ-ում արդեն հետևում են պարետի որոշմանը և մարդկանց կուտակումներից խուսափելու համար երկաթե պատնեշներով փակել են սպասարկման սրահի դիմացը: Նշենք, որ երեկ ՄՌՈՒ-ի մոտ հերթեր էին կուտակվել: Ինչպես ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել էր «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը՝ մարդիկ տեղեկանալուն պես, որ սպասարկում է իրականացվելու, մի քանի օր շուտ հերթ էին պահել, որի հետևանքով կուտակումներ էին առաջացել: «Մարդիկ դեռևս ուրբաթ օրվանից հերթեր են պահել, որպեսզի այսօր սպասարկվեն։ Շաբաթ օրն արդեն 2 շարքով մեքենաների հերթը ձգվում էր մինչև 250 մետր ու դեռ երկարում էր։ Ոչ ոք չի ուզում մի քանի օր սպասել և այս վիճակը սպասելի էր»,- նշել էր Ղահրամանյանը։