Ինչպեսև ակնկալում էի՝ տեղի ունեցող պրոցեսը իշխանությունների կողմից կազմակերպված կրկեսային ներկայացում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, ով այսօր ոստիկանություն է կանչվել։
«Տվյալ դեպքում այս աճպարարության հիմնական նպատակն էր հանրության վրա դնել վարչապետի՝ ուղտ լինելու, ապացուցելու բեռը։ Այսինքն՝ մենք ունենք փաստեր, որ կա կենդանի, որ շաբաթներ շարունակ կարող է քայլել անապատով, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կենդանուն չեն տեսնում և պահանջում են, որ մարդիկ դա ապացուցեն։ Տվյալ դեպքում մեզնից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն այն մաքսանենգության հետ, որն առանձնահատուկ ցինիկությամբ կազմակերպվել է վերջին մի քանի ամսվա ընթացքում, խոսքը դեպի Ռուսաստան ծխախոտի ապօրինի ներմուծման և ադամանդների ներկրման մասին։ Փաստորեն մենք ունենք ինքնաթիռներ, մենք ունենք մաքսանենգ բեռ, ունենք բազմաթիվ հաղորդումներ դրա մասին, բայց չգիտես ինչու իրավապահ մարմինները ոչ թե հարցաքննում են օդաչուներին, մաքսավորներին, որոնք թույլ են տվել առանց ակցիզի այդ ծխախոտը դուրս գա Հայաստանից, այլ կանչել են հարցաքննության ֆեյսբուքյան այն օգտատերերին, որոնք ֆիքսել են, որ դա տեղի է ունեցել»,-ասաց Դանիելյանը։
Դանիելյանը նշեց, որ պետք կասեցվեն մաքսայինի, հարկայինի պետերի և Տաթևիկ Ռևազյանի լիազորությունները։
«Որևէ քաղաքական քայլեր չեն ձեռնարկում, չեն էլ փորձում պատժել մեղավորներին, այլ ընդամենը փորձում են պրոցեսի պատրանք ստեղծել, որը միտված է իրենց իշխանություններին մաքրել քաղաքական պատասխանատվությունից և չգիտես ինչու մեզ հրավիրել են և փորձել են բացատրություն ստանալ քրեական ոստիկանության ահաբեկչության և ծայրահեղականության բաժնում»,-ասաց Դանիելյանը։
Հարցին, թե ի՞նչ բացատրություն է տվել, Դանիելյանն ասաց․ «Ոչ մի բացատրություն չեմ տվել, բայց խրախուսել եմ ոտսիկանությանը զբաղվել աշխատանքով»։
Դիտարկմանը, թե իր գրառման համա՞ր է կանիչվել ոստիկանություն ,Դանիելյանը պատասախանեց․ «Այո, Հրաչյա Հակոբյանի և Տաթևիկ Ռևազյանի մասին արված գրառումների համար են կանչել»։
Անդրադառնալով այսօր բերման ենթարկվածներին, Դանիելյանը նշեց․ «Դա էլ աճպարարության երկրոդ մասն էր»։
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերի մասին, Դանիելյանն ասաց․ «Փաշինյանը քիչ էր մնում քֆուր դներ, նա ասում էր ինչ ուզում եմ արել եմ, անելու եմ, ուզում եք հավատացեք, ուզում եք չէ»։