Այսօր՝ մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Հրազդանի բնակիչ, 57-ամյա Մ. Հ.-ն իր վարած Hover մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 16-ամյա Վ. Պ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Հրազդանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: