Վերջին օրերին հասարակությանը մատուցված թեմաներից մեկը, այսպես կոչված, Լանզարոտի կամ Լանսարոտեի կոնվենցիան է՝ ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ: Ընդգծենք՝ մատուցվել է ոչ թե կոնվենցիան, այլ՝ կոնվենցիայի թեման, որովհետև կոնվենցիան մնացել է ԱԺ պատերի ներսում, իսկ դրա շուրջ հյուսված թեմատիկան, ընդհակառակը, այդ պատերից դուրս է, առավելապես վիրտուալ տարածքում կամ լրատվական դաշտում:

Կոնվենցիան ոմանց համար այն աստիճան «կարևոր» էր, որ փոխարենը այն կարդան, գնացին, հասան Կանարյան կղզիներ, հայացք գցեցին իրենց երբեմնի հանգստյան վայրերին, գտան չարաբաստիկ Լանսարոտե կղզին, որտեղ ստորագրվել է ակնհայտ-անհայտ կոնվենցիան ու վերադարձան... Վերադարձան ոչ թե իրականություն, այլ դարձյալ առցանց հարթակ, վիրտուալ տարածք և սկսեցին փորփրել: Սակայն կրկին ոչ թե կոնվենցիան, այլ հասարակության նյարդերը, անտեղյակների ներաշխարհը, լավատեղյակների քիմքը, կոնվենցիայի կողմնակիցների համբերությունը, կոնվենցիայի հակառակորդների արձագանքի մակարդակը: Ու պարզվեց, որ կոնվենցիան առավել ակտուալ է վիրտուալ տարածքում, քան իրականության մեջ, որովհետև մի փոքր նեղություն քաշելու դեպքում, «հայ- հարայ»-ի փոխարեն կարելի էր ասել՝ ժողովո՛ւրդ, կոնվենցիան օրենք չէ: Արտահայտվող մտահոգությունները կարելի է ամրագրել հենց օրենքներով: Իսկ կոնվենցիան նպատակ ունի երեխաներին պաշտպանել սեռական շահագործումից և բռնությունից:

Այն, որ կոնվենցիայի վավերացումից հետո դրա ստորագրումը հանրապետության նախագահի կողմից նրա դեմ հերթական վիրտուալ խաղի թեմա է դառնալու, անսպասելի չէ: Որովհետև այդ խաղի մասնակիցների կամ խաղավարների համար կարևորը բնավ էլ կոնվենցիան կամ դրա բովանդակությունը չէ, այլ՝ քաղաքական աղմուկն ու քաղաքական շահարկումները: Ոչինչ, որ, եթե նույնիսկ նախագահը չստորագրի, միևնույն է, այն ուժի մեջ մտցնելու սահմանադրական այլ ճանապարհներ կան: Ոչինչ, որ Հայաստանն այդ կոնվենցիան ստորագրել է տարիներ առաջ՝ 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, ընդ որում, նույն այսօրվա աղմկարարների լուռ հովանու, ասել է թե՝ աջակցության ներքո: Ոչինչ, որ այդ կոն­վեն­ցիա­յով ամ­րագր­ված պար­տա­վո­րու­թյուն­նե­րը ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դատա­րա­նի 2020 թ. մար­տի 31-ի ո­րոշ­մամբ ճա­նաչ­վե­լ են Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նող: Հիմա պատկերացրեք այն իրավիճակը, երբ ՍԴ-ի հավանությունն ստացած կոնվենցիան ընդունվում է ԱԺ-ում, գալիս է նախագահի մոտ, և վերջինս այն նորից ուղարկում է ՍԴ: Այստեղ կոնվենցիան «շրջում է» առավելագույնը ևս 6 ամիս, վատագույն սցենարի դեպքում նորից հասնում ԱԺ, նորից ընդունվում, նորից գալիս նախագահի մոտ... Եւ ի՞նչ: Կոնվենցիան չքացա՞վ, քաղաքական կրքերը բավարարվեցի՞ն, ամեն ինչ հոյակա՞պ է...

Իսկ ի՞նչ է լինում կոնվենցիան նախագահի կողմից ստորագրվելուց հետ: Լավագույն դեպքում ևս մի քանի օր, և աղմուկը, քաղաքական խաղը լռում են, մարդիկ ապրում են իրենց կյանքով՝ կորոնավիրուսի հետ, իսկ սեռական ոտնձգությունների դեմ պայքարն այդպես էլ մնում է կոնվենցիայի էջերում, մինչև դրանից բխող համապատասխան օրենքների ընդունումը:

Եւ ո՞ւմ էր պետք այդ ամբողջ աղմուկը: Հաստատ ոչ հասարակության մեծ, գերակշիռ մասին, այլապես գոնե 100 հոգի մարդ նույնիսկ կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում հավաքված կլիներ ԱԺ-ի դարպասների մոտ, սոցիալական հեռավորության վրա, հինգ-հինգ հոգի, դիմակով...