Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 15-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում  հրապարակել էր տեսանյութ, որում հայտնել էր ադամանդագործության բնագավառում մաքսանենգ գործունեության մասին։ Մինասյանը նշել էր. «Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից։ Ներմուծված ադամանդները տարվում են հայտնի 2-3 գործարաններ, որտեղ դրանք դառնում են «հայկական»: Հայկական քվոտաներ են տալիս այդ ընկերություններին, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները հայկականի տակ արտահանվում են՝ առանց մուծելու որևէ հարկ»:

 

Նա նաև նշել էր, որ ըստ պետական վիճակագրության՝ Հայաստանը 2020-ի առաջին եռամսյակում մշակել է 20 միլիարդի ադամանդ ու ոսկի, նրա պնդմամբ՝ որպեսզի Հայաստանը կարողանար մշակել 20 մլրդ-ի ադամանդ, Հայաստանում պետք է այդ գործով զբաղվեր ավելի քան 1400 աշխատող։ Չնայած Միքայել Մինասյանը խոսել էր առանց անուններ տալու՝ դրան հաջորդեց Թերթ.am-ի ռեպորտաժը, որում նույն պնդումներն էին արվում՝ արդեն կոնկրետ հնչեցնելով «ADM Դայմոնդս» գործարանի անունը:

«ADM Դայմոնդս» ադամանդի գործարանի տնօրեն Արտակ Բաղիկյանը լրագրողների հետ զրույցում այսօր մեկ առ մեկ անդրադարձավ իրենց ընկերության հասցեին օրեր առաջ հնչած մեղադրանքներին և հերքեց դրանք` ամբողջությամբ անհիմն համարելով:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է արտադրանքի ծավալը մեծանում, երբ դրան զուգահեռ չի աճում աշխատակիցների թիվը՝ տնօրենն ասաց. «Արտադրության աճող ծավալները կապված են նոր ու արդյունավետ աշխատող սարքավորումներով, որոնք մի քանի անգամ մեծացնում են արտադրանքի ծավալը՝ առանց մարդկանց անմիջական միջամտության»:

500 հազար դրամի հասնող աշխատավարձերի մասին շահարկումներին անդրադառնալով՝ նա նշեց, որ այս պահին գործարանում աշխատող քաղաքացիների միջին աշխատավարձը 100 հազար է, որը, նրա կարծիքով, դեռ բավական տեղ ունի աճելու:

«Մեր նպատակն է գտնվել ոչ թե 1000, այլ՝ 100 խոշոր հարկատուների մեջ, և մենք հասնելու ենք դրան՝ զուգահեռ բարձրացնելով աշխատավարձերը»,- ասաց նա:

Ռուսաստանից գողացած գումարների մասին տնօրենը խնդրեց չանհանգստանալ, որովհետև իրենց ու ռուսաստանյան գործընկերների միջև չխախտվող գործընկերային հարաբերություններ են:

«Մենք երբեք չենք աշխատել արտոնյալ պայմաններով, ինչի մասին վկայում են մեզ մոտ ըստ կարգի անցկացված հարկային ստուգումները: Դրա հետ մեկտեղ, մենք երբեք չեն զբաղվել քաղաքականությամբ և խնդրում ենք մեր անունն այլևս չշահարկել քաղաքական նկատառումներով, մենք չենք խառնվելու քաղաքական ոչ մի դիսկուրսի»,- եզրափակեց գործարանի հիմնադիր ընտանիքի անդամ Արտակ Բաղիկյանը:


Մանրամասները՝ տեսանյութում: