Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանի հոդվածը՝ հեռուստաեթերի խնդիրների վերաբերյալ

ՈՐՊԵՍ ՆԵՐԱԾԱԿԱՆ

Երբ իմացա վաղուց սպասված մի օրենքի նախագծի մասին, որոշեցի կրկին անդրադառնալ հեռուստատեսության թեմային: Թեմա, որի կենսական անհրաժեշտության և կարևորության մասին, գրվածի համաձայն, շատ է խոսվել վերջին մեկ տարվա ընթացքում: Դե, եթե ԱԺ-ում մեկ տարի է խոսվում այդ մասին, ոլորտի պրոֆեսիոնալները բարձրաձայնում և իրենց բողոքի ձայնն են բարցրացնում երկու տասնամյակից ավեիլ: Սակայն ասողին լսող էր պետք:

Խոսքս հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում լրջագույն բարեփոխումներ իրականացնելու մասին է: Շատ հավանեցի մի արտահայտություն «դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը», որը նշված էր Մխիթար Հայրապետյանի էջում: Հրաշալի է: Վերջապես: Ուզում եմ հավատալ, որ իրականում եթերը կմաքրվի և կվարակազերծվի: Ի դեպ, եթե ես հիմնականում միշտ խոսում եմ Հանրայինից, ապա այս անգամ խոսքս ընդանրապես հեռուստաեթերի մասին է:

ԶՎԱՐՃԱՑՆԵԼՈՎ՝ ԿՐԹԵԼ

Այսօր, երբ յուրաքանչյուրի տանը դիտում եմ 60, 70, 80 և ավելի ալիք, մեր հայկական ալիքները, փոխանակ, ապահովելով բարձր որակ, մտնեն մրցակցության մեջ, անում են հակառակը: Իհարկե, կարանտինային պայմաններում էլի փորձում են աշխատել, բայց դրանից որակը չի փոխվում:

Մի պահ պատկերացրեք, որ անցած դարի 40-ականներին, երկրորդ աշխարհամարտի տարիներին լիներ այսօրվա հեռուստատեսության հնարավորություններն ու տեխնիկական հագեցվածությունը: Ի՜նչ գլուխգործոցներ կծնվեյին: Չունենալով հեռուստատեսություն կոչվող հրաշքը, այդ տարիներին ծնվում էին ծավալուն կտավներ ու ստեղծագործություններ: Շոստակովիչը գրում էր իր №7 սիմֆոնիան, Արամ Խաչատրյանը՝ 2-րդ սիմֆոնիան, «Գայանե» բալետը, Հայկական ԽՍՀ օրհներգը… Ո՞ր մեկը թվարկեմ… Ո՞ր բնագավառը…Մշակույթ, գիտություն, գրականություն, սպորտ, ճարտարապետություն… Բոլոր բնագավառները ծաղկում էին և բոլորի ուշադրության կենտրոնում մարդն էր, մարդու դաստիարակությունը, բարոյականությունը: Այն, ինչ պիտի լինի առաջին հերթին այսօրվա ցանկացած հեռուստաընկերության սուրբ պարտքը: Կրթել, կրթել ու կրթել սերունդներ, նույնիսկ զվարճալի հաղորդումները պիտի կրթելով զվարճացնեն:

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԴԵՄՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Անդրադառնալով հեռուստատեսային դեմքերի խոսքին, չեմ կարող չհայտնել իմ վրդովմունքը: Մի քանի օր առաջ համացանցում դիտում եմ «Արմենիայի» «Ժամը»: Ուղիղ ռեպորտաժ էր Վաշինգթոնից: Այնտեղից թղթակիցը նորմալ, գրագետ հայերենով ինֆորմացիա է տալիս պանդեմիայի մասին, իսկ ստուդիայում գտնվող աղջնակը, չեմ ուզում օգտագործել հաղորդավար խոսքը, զրուցում է, ասես ընկերուհու հետ զրուցի մի գավաթ սուրճի շուրջ: Սխալ ինտոնացիաներով, սխալ շեշտերով, բառերի «ա», այլ ոչ թե «է» վերջավորություններով… Կարդում են տեքտերն առանց հասկանալու, շունչները կտրվելով:

Այս մասնավոր դեպքը, ցավոք միակը չէ: Այս վարակը պատել է բոլոր հեռուստաընկերությունները: Սակայն, եթե մյուսներն իրենց համարում են մասնավոր, չնայած դա իրենց ոչ մի իրավունք չի տալիս աղբ մատուցելու, «Հանրային»-ն ընդհանրապես դրա բարոյական իրավունքը չունի: Ամեն ինչը համակարգչային դիզայնով չի վերջանում: Ինչ տեխնիկայով ուզում ես նկարիր հաղորդումներդ, կարևորը բովանդակությունն ու գրագիտությունն է: Այն, ինչը գրեթե իսպառ բացակայում է եթերում:

Ի դեպ, այս օրերին համացանցում հանդիպում ենք այնպիսի հրաշալի հաղորդումների, հարցազրույցների, երգերի, ասմունքողների, տեսահոլովակների, որ բացի հիացմունքից ոչ մի այլ զգացմունք չի ծնում… Նույնիսկ դպրոցահասակ երեխաները տանը նստած մատուցում են հրաշալի, բովանդակալից և ամենակարևորը՝ դաստիարակչական կոմպոզիցիաներ: Ընդամենը տնից և ընդամենը համակարգչով, կամ էլ հեռախոսով: Այ սա է ասածս, որ կարևոր չէ, թե ինչով ես նկարահանում հաղորդումը, կարևորը բովանդակությունն է:

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

Այսօր հեռուստատեսությունում ի սպառ վերացել է սերունդների կապը: Պիտի լինեն հաղորդումներ, ուր ավագ սերնդի կողքին կանգնած լինեն երիտասարդները: Հավատացնում եմ, որ նրանք միմյանց շատ բան ունեն փոխանցելու: Անհրաժեշտ է բացել դպրոց, ուր եթերում աշխատող երիտասարդները, իսկ նրանց մեջ, անկասկած կան շնորհալիներ, կարողանան վերապատրաստվել, սովորել ճիշտ շնչել, գրագետ խոսել և մատուցել տեքտը: Եվ այդ փորձը նրանց պիտի փոխանցեն ավագ և միջին սերնդի պրոֆեսիոնալները: Ժամանակին արդեն կայացած հաղորդավարներն իրենց համար պատիվ էին համարում վերապատրաստվելը, ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում: Ի դեպ, ասեմ, որ Մոսկվայում վերապատրաստվելու ընթացքում մեր հաղորդավարական խմբի յուրաքանչյուր անդամ միայն պատիվ է բերել հայկայան հեռուստատեսությանը իր պրոֆեսիոնալիզմով, ի տարբերություն շատ այլ միութենական հանրապետությունների հաղորդավարների: Նման դպրոց պիտի լինի Հանրայինում և այնտեղ պիտի սովորեն ու վերապատրաստվեն բոլոր հեռուստաընկերությունների մեդիա դեմքերը:

ԿԻՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ:

Ասեմ, որ չեմ դիտում այս կամ այն սերիալ-կոչվածները: Պատահական ականջիս հասավ մի քանի խայտառակ պատառիկ ոմն «Թշնամու անկողնում» ֆիլմից: Ի դեպ, վերնագիրն արդեն գրագողություն է: Բոլորս հիշում ենք 1991 թվականին Հոլիվուդում նկարահանած նույնանուն ֆիլմը Ջուլիա Ռոբերտսի հետ գլխավոր դերում: Ինչևէ… Ահա մի քանի արտահայտություն հայկական թշնամու անկողնից: Ինչ-որ մեծահասակ, արտաքինից հանցավոր էլեմենտ դպրոցահասակ երեխային ասում է. «Խելոք քեզ պահիր, թե չէ պատառաքաղով լեզուտ կծակեմ: Արա հեսա վիզդ կպոկեմ: Լսիʹր, էտ ինչ ես ասում, հեսա գլուխդ կկտրեմ…» Սա ընդամենը մեկ օրինակ է մի սերիալից: Նման օրինակներն այսօր, ցավոք, առկա են բոլոր հեռուստաընկերություններում: Պետք է վերջ

տրվի այս սերիալային քաղաքականությանը, պետք է նկարահանվեն հեռուստատեսային ֆիլմեր, որոնք պիտի ներկայացնեն մեր ազգի մեծերին, մեր պատմությունը: Պետք չէ դասականներին ոչ մի ռեմիքսի ենթարկել, թեմաները շատ-շատ են: Օրինակ «Անատոլիան պատմությունը, ի՞նչ վատ թեմա էր: Որ ուզում եք, կարողանում եք:

Իսկ որպեսզի մեր դերասանները, ռեժիսորներն ու նկարիչներն ունենան լրացուցիչ եկամուտ, ավելի լավ կլիներ վերականգնվեր ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԸ, որը միշտ սպասված է եղել և, իրոք, գլուխգործոցներ է մատուցել հեռուստադիտողին երանելի երկուշաբթի օրերին: Ի դեպ, սա ոչ միայն իմ ցանկությունն է, սա մեր մտավորականության պահանջն է:

ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս արտակարգ իրավիճակի օրերին Հանրայինը հպարտանում է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպվող Հանրային դասերով: Ոչինչ չեմ ասում, հրաշալի նախաձեռնություն է, սակայն դա նորություն չէ: Իհարկե, որոշ դասախոսների թեկնածություններ պիտի վերանայել, որպեսզի նրանց տեսքն էլ քչից-շատից եթերային լինի: Սակայն ասածս այն է, որ դեռ 30 տարի առաջ Հայկական հեռուստատեսության առավոտյան եթերը սկսվում էր քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, հայոց և ռուսաց լեզուների, գրականության դասերով: Դասարաններում դրված էին հեռուստացույցներ և շատ դպրոցներում աշակերտները դիտում էին այդ դասերը: Մի՞թե 30 տարվա մեջ արտակարգ իրավիճակ էր պետք, որ հեռուստատեսությունում նախարարության հուշումից հետո հիշեին, որ կարող են նման հաղորդումներ պատրաստել: Այս հաղորդումները պիտի ունենան շարունակություն: Եվ ընդանրապես, երբ պարտրաստվում են հաղորդումներ երեխաների համար, պիտի իրենք՝ երեխաները մաքսիմալ ներգրավված լինեն:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

Հեռուստաեթերը միշտ ունեցել է գրագետ երաժշտական քաղաքականություն: Ուղիղ եթերում հանդես են եկել դասական, էստրադային, ժողովրդական, մանկական երաժշտական խմբեր, մեծանուն մենակատարներ: Վերջին տասնամյակներում այդ ավանդույթն իսպառ վերացավ՝ եթերում տեղ տալով անմակարդակ միանման դեմքերին, հաճախ՝ ռաբիսի կառկառուն ներկայացուցիչների: Կար Դասական ալիք, սակայն, չգիտես ինչու դասական գլուխգործոցները եթեր էին հեռարձակվում գիշերվա ժամը 3-ին, 4-ին… Ու՛մ համար… Անհասկանալի էր: Ժամանակին հեռուստառադիոպետկոմին կից գործում էին բազմաթիվ և բազմաժանր երաժշտական կոլեկտիվներ, այսօր դրանցից մնացել են էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը և Արամ Մերանգուլյանի անվան ժող.գործիքների նվագախմբի մի մասը: Ուրախալի է, որ վերականգնվում է նաև Արևիկ մանկապատանեկան անսամբլը: Բայց կար Ակունք, կար կամերային երգչախումբ, սիմֆոնիկ նվագախումբ… Պարզվում է որակյալ արվեստը իրականում պետք չի եղել և դրանք վերացան: Երբեք չեմ մոռանա 90-ականների սկզբին Երվանդ Երզնկյանի հետ միասին իր ավտոմեքենայով շրջում, տոմս էինք վաճառում, որպեսզի շաբաթը մեկ անգամ կազմակերպենք ակումբային երեկոներ ռուսական թատրոնի ճեմասրահում, որ նվագախմբի երաժիշտը շաբաթական կարողանա ինչ-որ գումար վաստակել: Կարևոր եմ համարում ամսվա ընթացքում եթեր տրամադրել ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբերին: Ինչքան կարող են նրանք այստեղ-այնտեղ ելույթ ունենալ: Բացի այդ, դա իրենց էլ կպարտավորեցնի, որպեսզի միշտ նոր ծրագրեր ունենան և հաշվետու լինեն հեռուստադիտողի առջև: Արդեն 10 տարուց ավելի Հանրայինի եթերում իր հաստատուն տեղն էր զբաղեցնում «Երգ երգոցը», բավական անհրաժեշտ հաղորդում, որը շաբաթական մեկ անգամ ներկայացնում էր մեր երաժշտակնան գոհարները, իսկ երաժշտական ղեկին կանգնած էին պրոֆեսիոնալ երաժիշտներ՝ Արթուր Հակոբյանի ղեկավարությամբ: Եվ ի՞նչ… Վերջին տարիներին մեկն ուզում էր այսպես կոչված գլամուրի մեջ տեսնել այդ հաղորդումը, մյուսն ընդանրապես որոշեց փակել այն: Դե այդ տրամադրությունների մեջ էլ, բնական է, հաղորդման որակն էլ ընկավ: Ինչ-որ անհասկանալի երգիչների տրվում էր ասպարեզը, հաճախ այլ երաժիշտներ զբաղեցնում էին պրոֆեսիոնալների տեղը: Փակելը հեշտ է: Դրա փոխարեն պիտի վերանայել այդ հաղորդման մատուցման ձևը,տեքստերը,շփումը հյուրերի հետ,երգիչներին:Հասկանում եմ,որ ընդունված է նման հաղորդումներում հանդիսատես բերել,բայց ոչ ոք չի խնդրում խոշոր պլանով անընդատ ցուցադրել այդ հաճախ հակեթերային դեմքերը:

Քանի որ խոսք գնաց երաժշտական քաղաքանության մասին, ուզում եմ նշել, որ երաժշտական խմբագրության ռեժիսորները գրեթե միշտ ունեցել են երաժշտական կրթություն և, երբ համերգ էին նկարահանում, ռեժիսորական վահանակին դրված էր պարտիտուրը: Էլ չասեմ՝ հնչյունային ռեժիսորների մասին: Ի՞նչ եղավ, ու՞ր կորավ այս մասնագիտական մոտեցումը: Ի դեպ, հեռուստատեսությունը պարտավոր է ունենալ պրոֆեսիոնալ, մասնագիտական և կազմակերպչական ունակությունների տիրապետող երաժշտական պրոդյուսեր: Հանրայինի եթերում տասնամյակներ շարունակ չկա բարձրորակ ձայն: Հա, ի դեպ, ուզում եմ ուրախալի զարմանքս նշել այս տարվա ապրիլի 24-ի եթերի ձայնի որակի կապակցությամբ: Էտ ի՞նչ եղավ, պարոնայք… Փաստորեն, որ ուզում եք, կարող եք:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հասկանում եմ, որ նույնիսկ հսկայական գումարներ վատնելով էլի կարելի է ասել, որ այսօր Հանրայինի տեխնիկական վիճակը, մեղմ ասած, վատ է: Ինչու՞ պիտի հաղորդումները նկարահանվեն արդեն հալ ու մաշ եղած չինական «ճոխ» նվեր համարվող շարժական հեռուստակայանից՝ ՊՏՍ-ից: Ու՞ր են մեր ստուդիաները, որոնք ժամանակին ծանրաբեռված աշխատում էին: Ինչպես կարելի է որակ ստանալ այս պայմաններում նկարահանելով:

«ԵՐԵՎԱՆ» ՍՏՈՒԴԻԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ «ՈՍԿԻՆ»

Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի արխիվների մասին կուզեմ նշել, որ այն գանձերը, այն «ոսկին», որոնք ժամանակին թալանվեցին նախկին ղեկավարների կողմից, ազգային հարստություն էին: Գոնե մնացածը, որը կարծեմ թվայնացվում է, կարող են իրենց պատվավոր տեղը զբաղեցնել եթերում, այլ ոչ թե միայն այս կամ այն հաղորդման համար կադրեր օգտագործվեն: Էլ չասեմ, որ ժամանակին ստուդիան լիարժեք մրցում էր «Հայֆիլմ»-ի հետ՝ նկարահանելով հրաշալի ֆիլմեր և վավերացնելով պատմությունը: Պետությունը պիտի անի ամեն ինչ, որպեսզի վերածնի և՛ «Հայֆիլմ»-ը, և՛ հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիան:

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

Մեր պետական լեզուն հայերենն է, դա միանշանակ է: Սակայն հաշվի առնելով հեռուստատեսության հզորությունը՝ կարող են լինել ժամանակ առ ժամանակ հաղորդումներ այլ լեզուներով և դրանք պիտի ներկայացնեն մեր երկիրը, մեր պատմությունը, անցյալն ու ներկան և, անկասկած, ապագան: Նույն մեր հեղափոխության մասին, մեր անելիքների մասին, պատերազմի ու խաղաղության մասին, միջազգային հարաբերությունների, ցեղասպանության մասին պետք է խոսել բոլոր լեզուներով՝ հատկացնելով մի որոշակի եթերաժամ, իհարկե, չխախտելով լեզվի մասին օրենքը, ներկայացնելով հայերեն ենթագրեր: Գաղտնիք չէ, որ այսօր գրեթե բոլոր հեռուստաընկերությունների հաղորդումները կարելի է դիտել աշխարհի ցանկացած երկրում և նման հաղորդումները միմիայն օգուտ կբերեն մեր երկրին:

ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի դեպ, այսօր շատ հեռուստաընկերություններ ունեն արբանյակային հեռարձակում, որի համար մեծ գումարներ են ծախսվում, նույնիսկ տարիներ շարունակ մեծ գումարներ լվացվում են: Ու՞մ են պետք այդ արբանյակային ալիքները, երբ այսօր, 21-րդ դարում, համացանցում հասանելի է յուրաքանչյուր ալիք: Այն գումարները, որոնք ծախսվում են արբանյակային հեռարձակման նպատակով, ավելի լավ է ծառայեն տեղի հեռուստաընկերության զարգացմանը:

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերջերս հանձնաժողովի նիստում քննարկվում էր Հանրայինի գովազդի հարցը: Եթե առայսօր Հանրայինի եթերում մեկ բանկի գովազդ էր պտտվում, դա չի նշանակում, որ գովազդ չկար: Բոլորին էլ հայտնի է, թե ուր են գնացել այդ մեկ բանկի գումարները և ինչ նպատակի են ծառայել: Գովազդային բլոկ Հանրայինում, ըստ իս, պիտի լինի, սակայն դա նույնպես պիտի հսկվի: Ոչ միայն ֆինանսական առումով, այլ նաև՝ գեղարվեստական: Տարիներ շարունակ երկիրը չի ունեցել գովազդային քաղաքականություն: Անճաշակ նկարահանած գովազդները, որոնցում հնչում է նույն կեղծ պաթոսով լի ձայնը, գովազդում է սանտեխնիկա,ապա մեկ վարկյան հետո նույն ձայնը՝ ոչ պակաս ոգեշնչված, հրավիրում է միջոցառման, կամ համերգի՝ նախագահի կամ վարչապետի բարձր հովանու ներքո: Գովազդային քաղաքանությունը պիտի վերանայել: Ի դեպ, պարոն Վահագն Թևոսյանն ասում էր, որ հեռուստաընկերությունը պիտի բարձրաճաշակ հաղորդումներ պատրաստի, որպեսզի գործարարը ցանկանա իր գովազդը տեղադրի: Թույլ տվեք ինչ-որ տեղ չհամաձայնվել ձեզ հետ: Բանն այն է, որ, ցավոք, այսքան տարի մենք տեսել ենք մեր երկրի շատ գործարարների ճաշակն ու մակարդակը: Եվ եթե հեռուտահաղորդումները համապատասխանեն այդ ճաշակին, ապա մենք կունենանք այն, ինչ ունեցել ենք:

ԵՎՍ ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹ

Վերջում ուզում եմ, որ վերականգնվի ևս մի լավ ավանդույթ: Ամեն երկուշաբթի որոշվեն շաբաթվա լավագույն և չհաջողված հաղորդումները: Առաջինների հեղինակները խրախուսվեն, իսկ վերջիններին տրվի նախազգուշացում: Ու դա կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ վերանայվի նաև խորհրդի կազմը և որոշ ոլորտից հեռու մարդկանց փոխարինեն պրոֆեսիոնալներ, որոնք էլ իրենց մասնագիտական գնահատականը կարող են տալ հաղորդումներին:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Վերջում ուզում եմ դիմել ԱԺ-ի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին: Կարծում եմ, որ պետք է լուրջ ուշադրություն դարձնել՝ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի հետ համատեղ վերանայելով հեռուստաընկերությունների ցանկը: Ավելի լավ է շեշտը դնել մարզային հեռուստատեսությունների վրա, քան Երևանում անթիվ-անհամար անմակարդակ հեռուստաընկերությունների: Մարզերում այսօր սեփական հեռուստատեսությունը ջրի և օդի պես անհրաժեշտ է: Ողջունելի է, որ վերջերս սահմանամերձ Տավուշի մարզում չորս տարի անց կրկին վերաբացվեց հեռուստաընկերությունը: Առավել ևս ուրախալի է, որ այն գլխավորեց ոլորտի պրոֆեսիոնալներից մեկը: Իհարկե, հեռուստաընկերությունները, մասնավորապես՝ Հանրայինը, նույնիսկ պրոֆեսիոնալ անհատներ պիտի օգնեն և անհատույց տրամադրեն մարզային հեռուստաընկերություններին բովանդակալից, հետաքրքիր, դաստիարակող ու կրթող հաղորդումներ ու ֆիլմեր: Սակայն իրենք էլ իրենց հերթին պիտի տան սեփական արտադրանք և կարևորեն տեղական բովանդակության նյութերը: Չէ որ այսօր մարզերում կան անչափ անհամար սոցիալական և այլ ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ, որոնց լուծման գործում իր կարևոր դերը պիտի խաղա հեռուստատեսությունը: Մնում է բարի եթեր մաղթենք նրանց և լինենք թև ու թիկունք:

Մի հարց էլ կա,որին պիտի ուշադրություն դարձնել: Մեր երկիրը կուսակցությունների թվով, երևի թե, աշխարհում ռեկորդակիր է: Ըստ Վիքիպեդիայի վերջին տվյալների՝ դրանց թիվը հասնում է 45-ի: Դրանցից մի քանիսն ունեն իրենց լրատվական միջոցները, որոնք պաշտոնապես ներկայացված չեն՝ որպես կուսակցական, բայց բոլորին քաջ հայտնի ՝, որ այս, կամ այն սեփականատերը, պատկանում է այս կամ այն կուսակցությանը և բնական է, հեռուստատեսությունը՝ նույնպես: «Հեռուստաընկերությունների կուսակցականացում» արտահայտությունն արդեն իսկ հնչում է որպես դատավճիռ: Ինչո՞ւ պիտի հեռուստատեսությունը ծառայի այս կամ այն կուսակցությանը: Այն պիտի ծառայի ժողովրդին՝ լինելով հանրային, պետական, թե մասնավոր:

Դե ինչ, ասելիքներ շատ կան, սակայն ավելի շատ՝ անելիքներ: Պարզապես միավորվենք, մաքրենք և վարակազերծենք մեր եթերը»: