Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այն պաշտոնյաները, ովքեր չեն արդարացնի իրենց, ովքեր կտապալեն իրենց ղեկավարած ոլորտները, մեկ րոպե անգամ չեն շարունակի զբաղեցնել իրենց պաշտոնները: Այս պահին պետական կառավարման համակարգում կարող են վստահորեն առանձնացնել երկու, մեղմ ասած, տապալված ոլորտներ, առաջինը՝ քաղավիացիայի ոլորտն է, որը Տաթևիկ Ռևազյանի ջանքերի շնորհիվ երեկ կնքեց իր մահկանացուն, մյուսը՝ առողջապահության ոլորտն է, որի ողջ թերությունները բացահայտեց համաճարակը:

Սակայն, այնպես չէ, որ Հայաստանում իրենց ոլորտները տապալել են միայն Ռևազյանն ու Թորոսյանը: Երևանի քաղաքապետը, օրինակ, թերակատարել է բյուջեն, սակայն դա թե՛ քաղաքապետի, թե՛ ավագանու ընդդիմադիր անդամների, թե՛ հասարակության համար նորմալ է ընկալվել: Ժամանակին գյուղատնտեսության ոլորտը տապալած Գեղամ Գևորգյանին նոր պաշտոն տվեցին՝ ուղարկելով ՏՄՊՊՀ, դատական համակարգի ռեֆորմները տապալած Բադասյանը նույնպես շարունակում է պաշտոնավարել , իսկ Նիկոլ Փաշինյանը, կարծես, սովորականի պես մոռացել է նախկինում իր իսկ կողմից արված հայտարարությունները և չի էլ մտածում սույն պաշտոնյաներին աշխատանքից ազատելու մասին: Առհասարակ, մինչ օրս Փաշինյանի թիմից հեռանում են ինքնակամ, ինչը շատ է նմանվում կործանվող նավից փախուստին:

Իսկ վարչապետը չի մտածում վերոնշյալ պաշտոնյաներին փոխարինելու մասին մեկ պարզ պատճառով. իր թիմում չկա ոչ միայն ավելի բարձրակարգ, այլ նույնիսկ համարժեք փոխարինում: Մյուս կողմից բոլոր որակյալ կադրերը արդեն հեռացել են համակարգից, հին կադրերին պիտակավորելով որպես հակահեղափոխական՝ հեռացրել են, իսկ շատ շատերը պարզապես չեն ցանկանում աշխատել Փաշինյանի թիմի հետ՝ հասկանալով, որ թիրախավորվելու են: Արդյունքում՝ մնում է յոլա գնալ այն կադրերով, որոնք այսօր առկա են Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ, և ոչինչ, որ այդ կադրերի շնորհիվ Հայաստանը այսօր Սուդանի, Կոնգոյի և Սիեռե Լեոնեի հետ նույն ցուցակում է հայտնվել…