Շվեդիայում թափուր աշխատատեղ են առաջարկում, որը հնարավոր է զբաղեցնել ցմահ և, միևնույն ժամանակ, չաշխատել: Այդ մասին հաղորդել է Շվեդական ռադիոն:
Նկարիչներ Սիմոն Գոլդինը և Յակոբ Սինեբյուն ստեղծել են «Հավերժական պաշտոն» անվանումով նախագիծը: Այս գաղափարը կյանքի կոչելու համար Շվեդիայի գեղարվեստական խորհուրդը և տրանսպորտի վարչությունը ստեղծել են հատուկ հիմնադրամ, որի հաշվին արդեն 650 հազար դոլար կա:
Նախագիծը 2300 ԱՄՆ դոլար աշխատավարձով թափուր աշխատատեղ է բացել: Այս պաշտոնը զբաղեցնող անձը պետք է միայն օրը երկու անգամ լույսերը միացնի և անջատի Գյոթեբուրգ քաղաքում կառուցվող Korsvägen կայարանում: Ընդ որում, դա պետք է արվի որոշակի ժամերի: Այլ պարտականություններ կայարանի աշխատակիցը չի ունենալու:
Աշխատակիցը կարող է ցանկացած պահի խզել աշխատանքային պայմանագիրը, բայց կարող է մնալ իր պաշտոնում մինչև իր կյանքի վերջը: Նախագիծը կազմված է 120 տարվա համար:
Թափուր աշխատատեղի համար արդեն տարբեր երկրներից շուրջ 125 դիմողներ կան, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Թայվանից և Ֆիլիպիններից:
Ըստ հեղինակների մտահղացման, արտ-փորձարկումը կոչված է ուշադրություն հրավիրելու հասարակության մեջ աճող անհավասարությանը: