Վրացական մամուլի, ինչպես նաև սոցիալական ցանցերի շրջանակներում կորոնավիրուսի հետ կապված, հարևան երկրների շարքում կարելի է ասել ամենաքննարկելի թեմաներից մեկը Հայաստանն է: Ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված վարակի տվյալները, գրում է aliq.ge-ն:
Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չեն կարողանում հոսպիտալացնել, վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային:
ՀՀ-ին աջակցելու առաջարկով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Վերջինս գրառման մեջ նշել է.
«Անհնար է անտեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Հնարավոր է օգնություն ցուցաբերենք նաև Արևմուտքի հետ ֆասիլիտացիայի հարցում: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»,- գրել է Խոշտարիան:
«Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին:
«Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Մի կողմ պետք է դնել մի քանի նախարարրների ոչ ադեկվատ հայտարարությունները և կանգնել հարևանի կողքին: Նրանք ունեն վարակվածներ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»:
Հարցին անդրադարձել են նաև վրացի ակտիվիստները, հասարակական գործիչները: Հայաստանին օգնելու կոչերով գրառումներ են կատարել նաև ակտիվիստ Դավիթ Գիորգաձեն, Գիորգի Մոլոդինին, Նինո Բեկիշվիլին: Գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն գրում է.
«Վրաստանը պետք է Հայաստանի կողքին կանգնի: Անթույլատրելի է մեր քույրերին ու եղբայրներին նման իրավիճակում թողնելը: Պետք է օգնենք դուրս գալ այս իրավիճակից: Միասին մտածենք, թե ինչպես ենք դա անելու»:
Ակտիվիստ Դաթո Խարշիլաձեն ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդեն անհրաժեշտ է օգնել հայերին, սակայն պացիենտներին տեղափոխելն անթույլատրելի ու անհնար է: Կարելի է Տաշիրում կամ Ալավերդիում բացօթյա հոսպիտալ կազմակերպել, երկու բժշկական բրիգադով կօգնենք, նվազագույն կոնտակտով»:
Հատկանշական է, որ ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտատերերը մեկնաբանություններում մեծամասամբ համաձայն են Հայաստանին օգնելու հարցում, սա՝ Արսեն Թորոսյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում բարձրացած հակահայկական հայտարարությունների ֆոնին: Մեկնաբանություններում օգտատերերը քննարկում են Հայաստանին օգնելու տարբերակներ:
gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով:
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը քննարկել Հայաստանին օգնելու հարցն այս ծանր շրջանում: Օգնություն ասելով ենթադրվում է առաջարկել Հայաստանին նրանց պացիենտներին բուժել Վրաստանում: Գտնում ենք, որ սա ճիշտ քայլ կլինի հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսանկյունից»: