Այս պահին Երևանի ավագանու հանձնաժողովների համատեղ, արտահերթ նիստում քննարկվում է Ֆիրդուսի թաղամասի հարցը, իսկ քաղաքապետարանի դիմաց հավաքված  մի խումբ մտահոգ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց հետ տանելով «Ֆիրդուսը հուշարձանների ցանկ մտցնել ամբողջությամբ», «մեզ թողեք մեր ավերակները», «չեղարկել Տարոնի որոշումը», «չե՛նք թողնի ջնջել մեր քաղաքի հիշողությունը» գրությամբ պաստառներ: Նշենք, որ մի քանի օր առաջ Երևանի հին թաղամասերից մեկի շուրջ ստեղծված աղմուկն ու բողոքները չեն դադարում, քաղաքի կոլորիտը արտացոլող կառույցները գիշերով քանդվել էին: Օրեր առաջ ակտիվիստները հասցրել են կասեցնել Ֆիրդուսի թաղամասում գտնվող շինության քանդման աշխատանքները՝ կանգուն թողնելով աղյուսե ֆասադը: Ավելի վաղ,  ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տարածքի բնակիչները մտահոգություն էին հայտնել շենքի քանդման վերաբերյալ։ Բնակիչների մի մասն իրենց սեփականությունը վաճառել ու գնացել է, մի մասը դեռ տեղում է, պայմանագիր չունեն․ որոշները դեռ գնի շուրջ համաձայնության չեն գալիս կառուցապատողի հետ։ Կառուցապատողն առաջարկում է շենքի ֆասադը տեղափոխել նախագծում մեկ այլ տեղ, սակայն մտահոգները վստահ են, որ փշրվող աղյուսները համարակալելն ու տեղափոխելն անհնար է։