Ո՞րն է իրական, հայկական, մաքրամաքուր երգն ու երաժշտությունը: Այս հարցը շատ հաճախ են ուղղել մեր զրուցակից Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ, դափահար Արամ Մովսիսյանին, որը 2018 թվականին ընկերոջ՝ թառահար Ալեքսանդր Սահակյանի հետ, սկսեց հանդես գալ եզակի նախաձեռնությամբ՝ հիմնեցին «Եռախոսություն» (Trialogue of Armenian Music) բենդը: Այն երկու հոգուց է բաղկացած, սակայն ունի 3 բաղադրիչ՝ թառ, դափ և երգ: Նրանք այդպես ներկայացնում են Հայկական ժողովրդական երաժշտությունը՝ տիպիկ ավանդական կազմով և հնչողությամբ: Զրուցակիցս նշում է, որ եթե հիշեն անցյալը, ապա հնում մեր աշուղները այդպես են հանդես եկել․ շրջել են ամենուր ու հիմնականում մեկ աշուղն է և´ երգել, և´ նվագել: «Եռախոսություն» խմբի յուրահատկությունն այն է, որ ներկայացվում է միջնադարյան մշակույթը:
«Հաճախ, երբ ասում ենք «Եռախոսություն», շատերը հարցնում են, իսկ ձեր 3-րդ երաժիշտն ո՞վ է»,- մեզ հետ զրույցում պատմում է Արամը։ Հետո՝ հումորով նկատում․ «սկսում ենք բացատրել, որ ես և՛ երգում եմ, և՛ նվագում դափ, իսկ Ալեքսանդրը' թառ»:
Արամն ասում է, որ այն յուրահատուկ «մեսիջ» է հայ երիտասարդությանը, օրինակ՝ խարույկի շուրջ կիթառի փոխարեն կարելի է երգել եւ ուրախանալ հայկական ժողովրդական նվագարաններով' թառի եւ դափի նվագակցությամբ:
«Թառը, դափն ու քամանչան այսօր Կարմիր գրքում հայտնված գործիքներ են, գրեթե մոռացության են մատնվում: Իսկ նախորդ տարի Կոնսերվատորիայում անգամ թառի բաժնում դիմորդ չեղավ, ինչն արդեն շատ վատ է»,–ասում է Արամը:
Սակայն երիտասարդ երաժիշտները «Եռախոսություն» նախագծի շրջանակներում հայաստանյան որոշ դպրոցներում իրականացրել են նաեւ վարպետության դասեր: Արամի համոզմամբ' դաս-համերգներով հաջողվում է երեխաներին ծանոթացնել հենց մեր ազգային, ժողովրդական գործիքների հետ։
«Դաս-համերգի սկզբից երեխաներին հարցնում էի, թե սիրո՞ւմ եք հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը ու երբ բացասական պատասխան էի ստանում՝ շատ էի տխրում։ Սակայն, մի քանի դաս հետո հասկացա, որ այդ երեխաները պարզապես մեղք չունեն։ Նրանք ուղղակի տեղեկացված չեն: Ազգեր կան, որ 4-5 հեռուստաալիք ունեն, որով միայն հնչում է իրենց ազգային երաժշտությունը, այսինքն, իրենց երեխան, արդեն անկախ իր կամքից, իմանում է, թե որն է իր ազգային երաժշտությունը: Իսկ մեզ մո՞տ... Այդ ամենի համար պետական ծրագիր է պետք, պետությունը պետք է մտածի այդ մասին, բայց մեր պետությունն էլ... չգիտեմ, կմտածի արդյո՞ք, թե' ոչ: Այնքա՜ն ենք դիմել պետությանը, այնքա՜ն ենք առաջարկներով հանդես եկել, թեկուզ աջակցեն, որ նման դաս-համերգներ անցկացնենք դպրոցներում' սերնդին իրազեկելու համար, բայց, ցավոք, պետությունից արձագանք չկա»,- ասում է երգիչ-դափահարն ու շեշտում.
«Հարուստ ենք մեր մշակույթով, բայց ոչինչ չենք անում եւ ոչ մի ձեւով չենք պահպանում մեր մշակույթը»:
Հարցին՝ դժվար չէ՞ այսօր հայկական, ավանդական արվեստով զբաղվելն ու հանրության շրջանում հետաքրքրություն առաջացնելը, վերջինս նշեց․ «Մեծամտություն չհնչի, բայց այս ամենն անում ենք մեր անձնվիրաբար աշխատանքի շնորհիվ: Բայց, մեկ- մեկ հասկանում եմ, որ դա էլ ունի սահմաններ։ Ի վերջո, մենք էլ ենք մարդ, մենք էլ պիտի ապրենք: Մեկ-մեկ մտածում ես, լավ, ինչքա՞ն անես ու անարձագանք...»,-ասում է երաժիշտն,ու հավելում, որ երկու տեսահոլովակն էլ նկարահանել են արտերկրի շրջագայություններից եկած հասույթներից։
Զրուցակիցս նշում է, որ արտերկրում իրենց համերգներին հանդիսատեսի շարքերում շատ հաճախ են նկատում օտարազգիների։
«Ես մի քանի ուսումնասիրություն եմ արել։ Մեր համերգներին գալիս են մեծահասկաներ, ովքեր սիրում են ժողովրդական երգն ու երաժշտությունը, մյուս մասը՝ երիտասարդներ են, որոնք սկզբից գալիս են պարզապես, որ Հայաստանից երաժիշտներ են եկել։ Սակայն, համերգի ավարտից հետո, բոլորովին այլ զգացողությամբ ու տրամադրությամբ հեռանում են։ Թող անհամեստություն չթվա՝ ես համարում եմ՝ մեր հաղթանակը, որ այս ժամանակաշրջանում նրանց մեջ դեռ վառ են հայկական արմատներն ու հայի գենը։
Երիտասարդ երաժիշտը ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ օտարազգիներն են մատուցում հայ երգը' ավանդական հնչողությամբ։ «Հայ երգի ու երաժշտության յուրահատկությունը նրանց ականջին այլ կերպ է հնչում: Մեր արտասահմանյան համերգներից զգում ենք, որ մեր մշակույթն օտարների համար յուրահատուկ է»:
Ի դեպ, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ նաեւ Հայաստանում կորոնավիրուսը չեղարկել եւ հետաձգել է նրանց մի շարք նախատեսված համերգներ։ Արամն ինքն էլ չի պատկերացնում, թե համավարակից հետո ինչպես պետք է իրենց գործունեությունը կազմակերպեն, այն պայմաններում, որպեսզի հանդիսատեսը վարակվելու վախով չգա համերգներին. «Արդեն 3 ամիս է՝ այդ ուղղությամբ եմ մտածում, գուցե պետք է մարդկանց քիչ-քիչ սովորեցնել, որ վերադառնանք նախկին կյանքին: Ինչպես այս ամենը սկսվեց' մեր կյանք մտավ քիչ-քիչ, երեւի այդպես էլ հանդիսատեսին պիտի քիչ-քիչ սովորեցնենք, որ համերգասրահ վերադառնա: Հանդիսատեսին համերգասրահ վերադարձնելու համար երկար ժամանակ է պահանջվելու»,–եզրափակեց մեր զրույցը Արամը։