ՍԴ դատավորի թեկնածուների հետ կապված հարց մեզ մոտ չի քննարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե արդյոք միտում չի տեսնում նրա մեջ, որ Հրայրը Թովմասյանը արձակուրդ գնաց եւ կան կարծիքներ, որ արձակուրդում գտնվող անձը չի կարող աշխատանքից ազատվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին, եւ դա կարծում եմ շատ բնորոշ է Հրայր Թովմասյանին»:
Անդրադառնալով նրան, որ կարճ ժամանակ առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ խմբակցությունում կարգապահական հարցեր են քննարկվում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, մեր քվեարկությունները առավել խոսուն են, թիմի կուռ լինելը շատ մարդկանց երազանքներ գետնով տվեց: Նման հարցեր մենք այլեւս քննարկելու կարիք չունենք եւ երկար ժամանակ չենք ունենք: Բոլոր մեծ կոլեկտիվներում հաճախ լինում են կարգապահական հարցեր: Օրինակ, ես ԱԺ նախագահի կողմից հենց նիստերի դահլիճում նկատողություն եմ ստացել»: