7-րդ գումարման ԱԺ-ն հեղափոխական իշխանության ներկայացուցիչները հպարտորեն անվանում են նոր որակի խորհրդարան: Որակը, սակայն, ավելի հստակ երևում է համեմատության մեջ: Դիցուք՝ համեմատենք 6-րդ և 7-րդ գումարման խորհրդարանների 3-րդ նստաշրջանները՝ բոլոր առանցքային չափորոշիչների հիման վրա: 

 


6-րդ գումարման Ազգային ժողովը 3-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 8 հերթական, 7 արտահերթ և 4 հատուկ նիստ:  3-րդ նստաշրջանում խորհրդարանն ընդունել է 314 օրենք: Դրանցից 24-ը «մայր» օրենքներ են, 290-ը՝ լրացում-փոփոխություններ արդեն գործող օրենքներում: Ընդունված 323 օրենքներից 295-ի կամ շուրջ 90%-ի հեղինակը Կառավարությունն է, 28-ինը՝ ԱԺ պատգամավորները: Ընդունված օրենքների գերակշիռ մասը վերաբերել է պետաիրավական ոլորտին, Ազգային ժողովն ընդունել է նաև 9 օրենք-համաձայնագիր: 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանում չի փոխվել օրենսդրական նախաձեռնությունների Կառավարություն-ԱԺ հարաբերակցությունը. ընդունված օրենքների 90%-ը հեղինակել է Կառավարությունը: Քննարկվել և քվեարկությամբ մերժվել է միայն մեկ նախագիծ՝ «Ելք» խմբակցությունն առաջարկում էր ընդունել հայտարարություն 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ: «Ելք»-ը միակ խմբակցությունն էր, որը նստաշրջանի ընթացքում Կառավարությանը հարցապնդում էր ներկայացրել: Այն վերաբերել էր էլեկտրաէներգիայի ու գազի սակագներին, սպառման ծավալներին ու կորուստներին: Ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն էր, ամենաշատ դեմ քվեարկածը «Ելք»-ը: Ամենաշատը ձեռնպահ էր քվեարկել «Ծառուկյան» խմբակցությունը: Վերջինը նաև նստաշրջանի ամենաակտիվ խմբակցությունն էր: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը միջինը հնչեցրել է 6 հարց ու ելույթ: «Ելք»-ի նույն ցուցանիշը 5 էր, ՀՀԿ-ական պատգամավորներինը՝ 3, ՀՅԴ-ինը՝ 2: 6-րդ գումարման ԱԺ-ում պահպանվում էր «լուռ» պատգամավորների թիվը: 105 պատգամավորից 41-ը 3 նստաշրջանում քննարկման չի մասնակցել և միայն քվեարկել է (14-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, 27-ը՝ ՀՀԿ-ից): 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանում էթիկայի հանձնաժողովի ձևավորման որևէ առաջարկ չի ներկայացվել: Նախորդ նստաշրջանում քննարկված և հետաձգված միակ առաջարկը՝ Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան միջադեպը քննելու համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, 3-րդ նստաշրջանի օրակարգ չի ընդգրկվել: 

7-րդ գումարման Ազգային ժողովը 3-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 5 հերթական և 3 արտահերթ նիստ: Բոլոր արտահերթերը հրավիրվել են Կառավարության նախաձեռնությամբ: 3-րդ նստաշրջանում խորհրդարանն ընդունել է 169 օրենք, որոնցից 7-ը «մայր» օրենքներ են, 22-ը՝ օրենք-համաձայնագրեր, 140-ը փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում: Ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է խորհրդարանը, 70%-ը՝ Կառավարությունը:  Նվազել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում ընդունված օրենքների քանակը: 2-րդ նստաշրջանում արտահերթերի ընթացքում ընդունվել է օրենքների 44%-ը (63-ը 143-ից) , 3-րդում՝ 12%-ը (21-ը 169-ից):  Ընդդիմադիր խմբակցությունների 21 օրենսդրական նախաձեռնություն քվեարկությամբ մերժվել է և չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգ (նախորդ նստաշրջանում այդ թիվը 16 էր): Ընդդիմության 7 օրենսդրական նախաձեռնություն մերժվել է քննարկվելուց հետո:  Չի ընդունվել խորհրդարանական մեծամասնության պատգամավորի ներկայացրած 1 օրենսդրական նախաձեռնություն: Ուշագրավ է, որ մերժված նախագծով առաջարկվում էր ԱԺ նախագահին իրավունք վերապահել մասնակցելու ԱԽ նիստերին: ԼՀԿ-ն դեմ է քվեարկել, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ, իսկ «Իմ քայլից» քվեարկությանը մասնակցել ու կողմ է քվեարկել ընդամենը 66 պատգամավոր: 

Կառավարության որևէ նախագիծ նստաշրջանի ընթացքում չի մերժվել, բայց խորհրդարանը ընդունել է նախագծեր, որոնց վերաբերյալ գործադիրը վերապահումներ է ունեցել:  7-րդ գումարման Ազգային ժողովում երեք նստաշրջանների ընթացքում որևէ ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվել, այդ թվում՝ պատգամավորների էթիկայի և շահերի բախման հարցերի առնչությամբ։ 3-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորը ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է (189), ամենաշատ «դեմ» քվեարկածը` «Իմ քայլ»-ից Հայկ Սարգսյանը (30), ամենաշատը «ձեռնպահ» է քվեարկել «Իմ քայլ»-ից Թագուհի Թովմասյանը (18): Ամենաշատը բացակայել է «Իմ քայլ»-ից Արուսյակ Ջուլհակյանը (132), ամենաշատը հարց տվել ու ելույթ է ունեցել ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը (79): «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միասին նստաշրջանի ընթացքում հարց են տվել և ելույթ են ունեցել 578, ԲՀԿ-ականները՝ 236, «Լուսավոր Հայաստանը»՝ 144 անգամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը միջինը հնչեցրել է 7, ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի պատգամավորներից յուրաքանչյուրը՝ 8-ական հարց ու ելույթ։ 

Ամփոփենք՝ 7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի ընթացքում ընդդիմության ձայնը առավել քիչ լսելի է եղել, քան 6-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի ընթացքում: Օրենքների նախագծերի 90 տոկոսը շարունակվում է «ծնվել» Կառավարությունում , իսկ սա իր հերթին նշանակում է, որ որակական առումով գործող խորհրդարանը նախորդից ոչնչով չի տարբերվում և որպես կանոն զբաղված է Կառավարության բերած նախագծերը դակելով: Ընդունած օրենքների թվով 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանը զիջում է նախորդ խորհրդարանի նույնանման նստաշրջանին, այսինքն՝ թեև հեղափոխական պատգամավորները կրկնակի անգամ բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ են ստացել, սակայն կրկնակի անգամ պակաս օրենսդրական ակտիվություն են ցուցաբերել: