ԼՈՒՐԵՐ․com-ը երեկ տեղեկություն էր տարածել, որ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում, որը կապ ունի դատավորներից մեկի գործունեության հետ: Թեև պաշտոնապես այլ մանրամասներ չի հաղորդվում և ԱԱԾ խոսնակը զլանում է մեր հարցին պատասխանել, սակայն պարզվում է, որ ԱԱԾ գործողություններն առնչվել են 3 դատավորի գործունեությանը, որոնք բերման են ենթարկվել և ազատ արձակվել: Այս առնչությամբ մամուլում երկու դատավորի՝ Գևորգ Նարինյանի ու Արա Կուբանյանի անուններն են շրջանառվում: 

 

Մենք փորձեցինք դեպքերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալ ԱԱԾ-ից և Բարձրագույն դատական խորհրդից, սակայն փոխանցեցին, որ հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն հաղորդելու:

Թեև դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե ինչու են Սնանկության դատարանի դատավորները հայտնվել ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, սակայն, ըստ մամուլում տարածված լուրերի, այն կապված է Գևորգ Նարինյանի վարույթում քննվող Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված սնանկության գործի հետ, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ ինչ-որ մեկի գույքը խլելու հետ։ Ըստ լուրերի՝ խուզարկություններ են կատարվել սնանկության 3 և վարչական դատարանի 1 դատավորի աշխատասենյակում, որոնք հարցաքննվել են հենց իրենց աշխատասենյակներում։