Առողջապահության գծով պետպատվերի գումարների բաշխման թեման այնքան էր արծարծվել եւ այնքան շատ էր շոշափվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու թեման, որ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թեւանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը, գրություն էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։ 

 


Սա, հավանաբար, աննախադեպ գրություն է, որտեղ ոչ թե փող են խնդրում, այլ խնդրում են փող չտալ։ Փաստորեն, եթե նման գրություն չուղարկեր՝ էլի գումար էին հատկացնելու։ Մինչդեռ այլ առողջապահական հիմնարկներ բողոքում են գումարների պակասից եւ այն բանից, որ տարին չավարտված պետպատվերի գումարները վերջացել են: 


Սակայն, ուշագրավն այն է, որ եթե պետպատվերների թեման փակել ինչ-որ կերպ հաջողվեց, ապա ինչ կարող են ասել արդեն գնումների մասին: Իսկ փաստը մնում է փաստ, որ առողջապահության նախարարությունը 2019-2020 թվականներին միլիոնավոր դրամի հասնող ծառայություններ է գնել «ՄԻԲՍ»-ից: Եվ ոչ միայն առողջապահության նախարարությունը: Tender Monitorin կայքի տվյալների համաձայն՝ գնումներ կատարել է նաև Երևանի քաղաքապետարանը: 


Բացի այդ, 2019-ին մեկ անձից գնման ընթացակարգով առողջապահության նախարարությունը «ՄԻԲՍ»-ից 41,337,600 և 15,700,000 միլիոն դրամի հիվանդանոցային ծառայություններ է ձեռք բերել


Նշենք նաև, որ անչափ ուշագրավ է նախարար Թորոսյանի կնոջ՝ 2019 թվականի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը: Այսպես, Թորոսյանի կնոջ անունով երկու ավտոմեքենա կա՝ BMW և MERCEDES-BENZ մակնիշի, որոնցից երկրորդը ձեռք է բերվել 2019թ․ դեկտեմբերին՝ 13 միլիոն դրամով։ Նա 30 հազար 549 դոլար ավանդ է հայտարարագրել։ Թորոսյանի կինը 19 մլն 763 հազար 417 դրամ եկամուտ է ստացել «ՄԻԲՍ» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն եւ 4 մլն 320 հազար՝ որպես վարձակալության վճար: