Օրեր առաջ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի մի քանի ուսուցիչ, այդ թվում դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը, ոստիկանության կողմից բերման էին ենթարկվել, ապա ազատ արձակվել. պատճառը քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելն էր։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Աշոտ Բլեյանը նշեց՝ եթե այս իշխանությունը որդեգրել է նախորդների գործելաոճը, ապա նույն ճակատագրին է արժանանալու, քանի որ փոփոխությունների ճանապարհն արդեն հայտնի է ժողովրդին։ Ըստ նրա՝ իրենք դեռ կանդրադառնան ներկայիս իշխանության գործունեությանը և պատասխանատվության կկանչեն վարչական շրջանի ղեկավարին, փոխքաղաքապետին։ Բլեյանը գտնում է՝ քաղաքացին այսօր խոցված վիճակում է և քաղաքային իշխանությունը, մարդկանց ոստիկանական միջոցներով վախեցնելու փոխարեն,  առաջին հերթին պետք է կանգնի նրա կողքին:

 

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը տեղեկացրել էր Երևանի թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարության մասին: Մանկապարտեզի տնօրինությունը փորձել էր ցանկապատել մանկապարտեզի տարածքը, սակայն հարևանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  սաները կենդանի պատ էին կազմել՝ արգելելով տարածքի ցանկապատումը։