Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը
Վերջին շրջանում ակնհայտորեն լարվել են Նիկոլ Փաշինյանի վարչակազմի և արևմուտքի միջև հարաբերությունները: Այդ մասին են վկայում բազմաթիվ մեսիջներ, որոնցով կողմերը հասցրել են փոխանակվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
Առաջին լուրջ «զանգը» Նիկոլ Փաշինյանի կողմից Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն էր՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Թեև Հայաստանից Լուկաշենկոյին առաջինը շնորհավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն այս շնորհավորանքը պետք է առավելապես դիտարկել Ծառուկյանի և Լուկաշենկոյի միջև առկա մտերիմ, ընկերական հարաբերությունների պրիզմայով: Ծառուկյանը շնորհավորում էր, այսպես ասած, իր կողմից, որպես անհատ և որպես քաղաքական գործիչ:
Սակայն, լրիվ այլ մեսիջ է իր մեջ պարունակում երկրի վարչապետի՝ պետությունների ղեկավարներից առաջիններից մեկը Լուկաշենկոյին շնորհավորելու հանգամանքը: Հանգամանք, որը բնավ չվրիպեց Հայաստանում դիսլոկացված պրո-արևմտյան ուժերի աչքից: «Սորոսականները» մեկը մյուսին հերթ չզիջելով հարձակվեցին Փաշինյանի վրա, վերջինիս պիտակավորելով ավտորիտար լիդեր, մեղադրելով երկիրը ժողովրդավարության բաստիոնից՝ ժողովրդավարության կղզյակի վերածելու մեջ: Բնական է, որ «սորոսականների» շուրթերով իր բացահայտ դժգոհությունն այդ քայլից արտահայտում էր հենց արևմուտքը:
Լուկաշենկոյին շնորհավորելուց օրեր անց «Սասնա Ծռերի» գործով մեղադրող դատախազը շատերի համար անսպասելի կոշտ պահանջ առաջադրեց՝ տասնյակ տարիների և նույնիսկ ցմահ ազատազրկում «Ծռերի» համար: Վերջին ամիսների ընթացքում մի շարք փաստացի ապացույցներ ներկայացվեցին, որոնք վկայում էին «Սասնա Ծռերի» և Հայաստանում «Սորոսի» գրասենյակի միջև եղած կուռ համագործակցության մասին: Սակայն, անգամ առանց այդ փաստերի հանրայնացման էլ, գաղտնիք չէ, որ ստեղծման առաջին իսկ օրվանից այս ուժն ունեցել է վառ ընդգծված արևմտամետ ուղղվածություն: Ուշագրավ է, որ հեղափոխությունից հետո «Ծռերի» դեմ հարուցված քրեական գործերը կարճվեցին, իսկ ինքը' Փաշինյանը, ԱՄՆ այցին ընդառաջ ընդունեց կուսակցության ղեկավարությանը, ի դեպ, այդ քայլը միանշանակ չընկալվեց հանրության կողմից: Հասկանալի է, որ օրերս դատախազի առաջարկած նման կոշտ պատժաչափը քննարկվել է վերևների հետ, և ստացել նրանց դաբրոն, դա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը բացահայտ կոնֆրոնտացիայի է գնում արևմուտքի հետ և չի թաքցնում այդ հանգամանքը:
Ի դեպ՝ զուգադիպություն է թե' ոչ, սակայն «Ծռերի» դատի հաջորդ իսկ օրը տարածվեց պաշտոնական տեղեկություն, համաձայն որի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին:
Երեկ էլ հարցազրույցի ընթացքում «սորոսականների» հասցեին բավական խիստ արտահայտություններով էր հանդես եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա, մասնավորապես, ասել էր՝ «Սորոսի խոսակցությունը, որ բերվել է օրակարգ, դա արհեստական բան է, որի նպատակը մեկն է՝ հնարել կամ վերցնել մի հատ ինչ-որ կիսամեռ բիձուկի անուն և փորձել դրա շուրջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Դա չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև հենց էդ մարդիկ հիմնականում դրսից սնուցվող են։ Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։
Նախկինում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը բավական լոյալ էին «սորոսականների» հանդեպ, համենայնդեպս հրապարակային կերպով նման հայտարարություններ չէին հնչում, այսօր նման շեշտադրումներն ամենաբարձր կալիբրի գործիչների կողմից, ինքնին մեսիջ են, որ Փաշինյանի թիմի և արևմուտքի միջև լարվածությունը գնալով աճում է:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից ժամեր անց տարածվեց վարչապետ Փաշինյանի՝ BBC HARDtalk հաղորդման շրջանակներում տված հարցազրույցը: Ակնհայտ էր այն պրեսինգը, որի տակ հայտնվել էր Փաշինյանը, հաղորդման հաղորդավար Սթիվեն Սաքուրը վերջինիս մեղադրեց կորանավիրուսի դեմ պայքարը տապալելու, Արցախում տարածքներ օկուպացնելու և ամենակարևորը՝ ՌԴ և արևմուտքի միջև ընտրություն կատարելու հարցում չկողմնորոշվելու մեջ: Վերջին մեղադրանքն ավելի շատ նման էր կշտամբանքի, որն արևմուտքը հրապարակային կերպով, ի դեմս BBC-ի հաղորդավարի, ներկայացրեց Փաշինյանին: Վերջինիս ընդունելությունն արևմտյան այս մեդիա հսկայի եթերում, մեղմ ասած, ջերմ չէր և դա իր հերթին նույնպես արևմուտքի մեսիջն էր Փաշինյանին և իր թիմին:
Սակայն, ինչի՞ց է ի հայտ եկել վերը նշված կոնֆրոնտացիան: Արևմուտքում թերևս հոգնել են սպասել, թե երբ պետք է Փաշինյանը կատարի պայմանավորվածությունները, հատկապես՝ դրանց ամենաբովանդակային և արևմուտքի համար ամենակարևոր մասը՝ Հայաստանը ՌԴ ծիրից ամբողջությամբ դուրս բերելը: Արևմուտքում հասկացել են, որ Արցախի հարցում էլ Փաշինյանը առավելապես հակված է ՌԴ դիրքորոշմանը և դեմ չէ բանակցային սեղան Լավրովի պլանը վերադարձնելուն, ինչը նաև ենթադրելու է ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայում Արցախում, մի բան, ինչը արևմուտքն ակնհայտորեն չի կարող մարսել: Փաշինյանն էլ իր հերթին երկու տարի լինելով իշխանության ղեկին հասցրել է գնահատել՝ ՌԴ հետ հարաբերությունների սառեցման բոլոր ռիսկերը և այսօր նույն Լուկաշենկոյին շնորհավորելը ակնհայտ ցույց է տալիս, որ Փաշինյանը ձգտում է պահպանել հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ: Նույնը կարելի է ասել նաև ՀԱՊԿ մասով, հատկապես սահմանին հուլիսյան բախումներից հետո Փաշինյանն առանձնացրեց ՌԴ դերը ռազմական էսկալացիայի հետագա խորացումը կանխելու հարցում:
Փաշինյանի նման ռևերանսներն են պատճառը, որ արևմուտքը համարելով իրեն հեղափոխության փայատեր՝ այսօր իրեն քցված է զգում, այստեղից էլ սկիզբ են առնում Հայաստանում արևմուտքի արբանյակներ՝ «սորոսականների» վերջին շրջանի ակտիվ քննադատությունները, BBC-ում Փաշինյանին «ջերմ ընդունելությունը», ԱՄՆ դեսպանատան կոշտ մեսիջները, առ այն, որ Փաշինյանը այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը, ինչպես դա հեղափոխության ժամանակ էր և դրանից ամիսներ հետո....