168.am-ը գրում է.

 

Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Վարդան Մ-ն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

«Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ Վարդան Մ-ն, նրա եղբայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Անտուան Մ-ն, Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Անդրանիկ Ո-ն, 19-ամյա Ռուդիկ Ա-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ են մտել Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Էդվարդ Մ-ի, 23-ամյա Ստեփան Ս-ի և Արմին Ադամ-Մեգերդիճյանի հետ, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել է Վարդան Մ-ի կրծքավանդակին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ վիճաբանությանը ականատես են եղել Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Վլադիմիր Մ-ն, 18-ամյա Քրիստինե Պ-ն, 18-ամյա Մարիա Պ-ն, 18-ամյա Նելի Ի-ն և 18-ամյա Մարգարիտա Բ-ն»,- գրված էր սկզբնաղբյուր կայքում:

Նշված էր, որ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ա. Ո-ին և Մ. Պ-ին, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, իսկ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վ. Մ-ն, Ք. Պ-ն, Ն. Ի-ն, Ա. Մ-ն ներկայացել են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը ներկաներից մեկը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի տղան է, վիրավորը՝ բասկետբոլիստ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին նաև արնանման հետքեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանություն-դանակահարությունից առաջ տեղի է ունեցել «փարթի»։

Ավելի ուշ «Ժողովուրդը» գրեց, որ դատավորը, ում որդին նույնպես գտնվել է դեպքի վայրում, Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն է, ով հանրության մեջ հայտնի է՝ որպես հատկապես աղմկոտ քրեական գործերով կալանքի միջնորդությունները բավարարող դատավոր:

Ամենաթարմ օրինակներից կարող ենք հիշել Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ  Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու դեպքերը՝ համապատասխանաբար հուլիսի 20-ին և օգոստոսի 8-ին:

168.am-ին վերաբերյալ դանակահարության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ դեպքից անմիջապես հետո դանակահարող անձին հաջողվել է խուսափել իրավապահներից:

Այդուհետ որոշում է կայացվել ձերբակալել վիճաբանության մյուս մասնակիցներին, բայց այստեղ ևս ամեն բան հարթ չի ընթացել. ձերբակալել են դանակահարության հետ անմիջական կապ չունեցող վիճաբանության մասնակիցներից մեկին, բայց միևնույն ժամանակ՝ վիճաբանության մեկ այլ ակտիվ մասնակցի, հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որդուն չեն ձերբակալել:

Թե ինչն է նման մեղմ վերաբերմունքի պատճառը, թերևս, բարդ չէ հասկանալ: Ամենևին չխախտելով անձի անմեղության կանխավարկածի իրավունքը՝ նկատենք միայն՝ արդյո՞ք երիտասարդին կհաջողվեր խուսափել լուրջ հետևանքներից, եթե վերջինս չլիներ իշխանություններին լոյալ դատավորի որդին:

Միևնույն ժամանակ 168.am-ին հայտնի դարձավ, որ դանակահարված երիտասարդի կյանքը հաջողվել է փրկել բացառապես «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, հայտնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանի որդու՝ Անդրանիկ Ոսկանյանի շնորհիվ:

Ըստ լուրերի՝ տղան եղել է դեպքի վայրում, բայց ոչ վիճաբանության պահին: Տեսնելով կատարվածը՝ զանգահարել է հորը, խնդրել արագ պատրաստել վիրահատարանը, պատրաստ պահել թիմին, ինչի արդյունքում, չնայած չափազանց ծանր վնասվածքին, դանակահարված երիտասարդի կյանքը հաջողվել է փրկել:

Այս տեղեկությունը ստուգելու համար կապ հաստատեցինք վիրաբույժ Արայիկ Ոսկանյանի՝ հետ խնդրելով մեկնաբանել մեր տեղեկությունը:

«Այո, այդպես է եղել: Կրծքավանդակի թափանցող վնասվածք էր, աորտայի, և, բարեբախտաբար, տղաս, ճիշտ է, վիճաբանությանը անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն այնտեղ է եղել ավարտին ու տեսնելով կատարվածը՝ ճիշտ է կողմնորոշվել այդ պահին, կարողացել է աորտան սեղմած պահելով՝ չթողնել, որ արյունահոսություն լինի»,- ասաց վիրաբույժը:

Նա նշեց նաև, որ դանակահարողի եղբոր հետ տուժածին իր որդին տեղավորել է մեքենայում ու անմիջապես զանգել իրեն, ասել, որ նման խնդիր կա, ու տուժածին տեղափոխում են իրենց մոտ՝ «Աստղիկ» բ/կ:

«Այդ մի քանի րոպեի արդյունքում էր, որ մենք կարողացանք երիտասարդի կյանքը փրկել: Իհարկե, հիվանդանոցն ամեն դեպքում աշխատում է, բայց նման դեպքերում մինչև բերում են ընդունարան, հերթապահ բժշկին են կանչում, մինչև կողմնորոշվում են՝ ինչ անել, ժամանակ է անցնում, իսկ այն երբեմն կարող է ի վնաս տուժածի աշխատել: Իսկ այս դեպքում արդեն վիրահատարանը պատրաստած էր»,- ասաց Արայիկ Ոսկանյանը:

Մեր հարցին, թե իր որդին ի՞նչ կրթություն ունի, ասաց, որ նա բժիշկ չի, ունի ճարտարագիտական կրթություն, ռոբոտաշինության մասնագետ է, սակայն հավանաբար տանը զրույցներից է լսել, թե ինչ պետք է անել նման պարագայում և, փառք Աստծո, որ արագ կողմնորոշվել է, որովհետև այդտեղ առաջին բուժօգնություն ցույց տալու մի տարբերակ կար՝ վերքը սեղմած պահել, և ամենակարևորը, մտքով չի անցել պարտակել դեպքը, մտածել է միայն տղայի կյանքը փրկելու մասին:

Հարցրինք նաև, թե իր որդին դատավարական ինչ կարգավիճակ ունի այս պահին, ինչին վերջինս պատասխանեց՝ վկայի:

«Տուժողը 18 տարեկան է, հիմա շատ լավ է զգում իրեն: Այս վնասվածքի դեպքում կարևորը արագ կյանքը փրկելն է, հետո շատ արագ վերականգնվում են: Շատ ծանր էր, 2 օր արհեստական շնչառության ապարատ է միացված եղել տղային, բայց հիմա իրեն լիարժեք լավ է զգում»,- եզրափակեց վիրաբույժը՝ մեր խնդրանքով նշելով նաև, որ մինչ այս պահը տուժողը դեռ չի հարցաքննվել: