Երբ ես տարվա լավագույն երգչուհի ճանաչվեցի, ինձ ակնհայտորեն չծափահարեցին իմ ընկերներից մի քանիսը։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցին՝ իր կյանքում եղե՞լ են դեպքեր, որոնք մեծ հետք են թողել, ասել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը։
«Իմ կյանքում կան էպիզոդներ, որոնք շատ տպավորել են ինձ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ, երբ ես տարվա լավագույն երգչուհին էի, ինձ ակնհայտորեն չծափահարեցին իմ ընկերներից մի քանիսը, դա ակնհայտ բոյկոտ էր իմ նկատմամբ, ու ես շատ էի ազդվել դրանից, որովհետև նրանք ինձ համար շատ թանկ ու սիրելի մարդիկ էին։ Կար, օրինակ, մարդ, ով ծամոն էր ծամում՝ դա անելով շատ ակնհայտորեն, երբ հայտարարվեց իմ անունը՝ այդ ձևով ցույց տալով իր արհամարհանքը։ Ինձ վրա դա մեծ տպավորություն էր թողել, ես շատ էի ազդվել դրանից, չէի մտածում, որ իմ ընկերները կարող են այդ ձևով՝ չծափահարելով բոյկոտել։ Նրանց մեջ կային մարդիկ, ովքեր ևս ներկայացված էին այդ անվանակարգում և կային մարդիկ, ովքեր որպես հանդիսատես էին։ Եղան մարդիկ նաև, ովքեր ուղղակի դուրս եկան դահլիճից։ Եվ ամենավատն այն էր, որ ես այդ ամենը բեմից տեսնում էի, կուզեի չտեսնել։ Չասեմ, որ ինձ համար ցավալի էր, բայց շատ տխուր էր», - պատմել է երգչուհին։
Հարցին՝ ներե՞լ է այդ ընկերներին, Քրիստինե Պեպելյանը պատասխանել է՝ իհարկե, ներել է, քանի որ կարծում է, որ այլ տարբերակ չէր էլ կարող լինել, հատկապես այն դեպքում, երբ դրանք այնպիսի մարդիկ են, որոնց հետ ընկերություն է անում և աշխատում է։
Խոսելով մրցանակների մասին՝ երգչուհին նշել է, որ ի տարբերություն շատերի, իր համար դրանք կարևոր նշանակություն ունեն, կենսագրության կարևոր մասն են և ինքը մեծագույն խնամքով է վերաբերվում իր մրցանակներին։
Նյութի աղբյուր՝ Aysor.am