Մամուլը գրում է այն մասին, որ վարչապետը դժգոհ է Հայկ Մարությանի կատարած աշխատանքից և հնարավոր է՝ քաղաքապետը թողնի պաշտոնը՝ այդպես էլ չվերադառնալով արձակուրդից: Քանի դեռ չի լրացել նրա պաշտոնավարման ժամկետը, և Երևանի ընտրություններին 3 տարի դեռ կա, ըստ օրենքի՝ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է իր կազմից ընտրի քաղաքապետ։
Կան տեղեկություններ, որ Հայկ Մարությանյանին կփոխարինի «Իմ քայլի» անդամ, նախկինում ակտիվիստ, հեղափոխությունից հետո ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստացած Արմեն Կոտոլյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց Արմեն Կոտոլյանի հետ: Նա ասաց, որ ինքը ևս մամուլից է տեղեկացել իր՝ քաղաքապետ ընտրվելու մասին լուրերին. «Ես էլ ձեր նման այսօր առավոտ եմ այդ լուրերին ծանոթացել, անկեղծ ասած, ես ո՛չ լսել եմ նման տեղեկություն, որ պարոն Մարությանը չի շարունակելու ղեկավարել քաղաքը, ոչ էլ նման լուր կա, որ հաջորդ քաղաքապետը ես պետք է լինեմ, այսինքն՝ տեղեկություն չունեմ ես, չգիտեմ մամուլը որտեղից է վերցրել այդ ինֆորմացիան»:
Արմեն Կոտոլյանը հավելեց՝ ո՛չ պարոն Մարությանի հրաժարականի մասով, ո՛չ իր քաղաքապետ ընտրվելու մասով երբևէ խոսակցություններ չեն եղել: